Lragir.am-ը գրում է.
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Վահան Հովհաննիսյանն անվանել է իրավիճակային, հայտարարելով, որ Հայաստանի ճանապարհը Եվրոպան է: Ռուսական փորձագետներն էլ են խոսում այն մասին, որ Մաքսային միությունը «վերջնական որոշում» չէ: Լուկաշենկոն, իր հերթին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է՝ եթե Սարգսյանը միտքը չփոխի, Բելոռուսը կօգնի Հայաստանին:
Հայաստանում ինչ որ աշխատանքային խումբ են փորձում ձեւավորել ՄՄ փաստաթղթեր կազմելու համար, խոսք է գնում 50 օրինագիծ պատրաստելու մասին, եւ այլն:
Ներկայում այնպիսի խառնաշփոթ է, որ ոչ ոք չգիտե, թե ինչպիսին են լինելու Հայաստանի մաքսային հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, եւ ինչ է լինելու Մաքսային միության վաղվա օրը: Արեւմուտքն իրեն այնպես է պահում, կարծես այդ միությունն անլուրջ բան է:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանում կոնֆերանս է անցկացրել մաքսային մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ: ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է բարելավի մաքսային ընթացակարգերը, եւ ԱՄՆ կօգնի այդ հարցում: Ընդ որում, ԱՄՆ որեւէ օգուտ չունի դրանից, պարզապես ցանկանում է օգնել Հայաստանին, չնայած ՄՄ-ին անդամակցելուն, ասել է նա:
Սերժ Սարգսյանը մասնակցել է Վրաստանի հետ մաքսային երեք կետերի հիմնարկեքին: Դրանք կառուցվելու են եվրոպական փողերով եւ եվրոպական ստանդարտներով:
Հայաստանի կառավարության պաշտոնյան, ով զբաղվում է օրենսդրական բազայի կատարելագործման հարցերով, հայտարարել է, որ արդեն երեք տարի եվրոպական փողերով բարելավվում է մաքսային օրենսդրությունը: Նա ասել է, որ Եվրոպան շարունակելու է փող տալ բարեփոխումների համար, թեեւ Հայաստանն անդամակցել է Մաքսային միությանը:
Մի խոսքով, կատարյալ խառնաշփոթ է, թեեւ Հայաստանը կարծես թե չի պատրաստվում կանգնեցնել եվրոպական մաքսային ստանդարտներով փաստաթղթային բազայի բարեփոխումները: Առավել եւս, որ ոչ ոք այդպես էլ չի ասել, թե ինչ է լինելու Ղարաբաղի պարագան:
Ներկայում Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ երեք մաքսային կետերում կատարվում է միայն ներմուծման եւ արտահանման հաշվառում: Ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մաքսատուրքերը վճարվում են Հայաստանում: Այսինքն, Ղարաբաղի բյուջեն չի ստանում մաքսային եկամուտներ: Փոխարենը, Հայաստանն ամեն տարի Ղարաբաղին հատկացնում է միջպետական վարկ, որը գերազանցում է գանձվող մաքսատուրքերի չափը:
Այս կապակցությամբ հետաքրքիր են ռուսաստանցի փորձագետների հայտարարությունները: Նրանք ասում են, որ Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանն ինքը պետք է որոշի իր հարաբերությունները Ղարաբաղի հետ: Հայաստանը հայտարարում է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն գտնվում են միասնական մաքսային գոտում, եւ Ռուսաստանը դրա դեմ առայժմ չի առարկում:
Այս ֆոնին հետաքրքիր է այն տեղեկատվությունը, որ շուտով կարող է գործարկվել Ստեփանակերտի օդանավակայանը: Եթե այն գործարկվի, ապա հարկ կլինի այնտեղ բացել մաքսակետ, արդեն Հայաստանից անկախ: Առավել եւս, եթե իրականացվեն չվերթներ ոչ միայն Երեւան, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Մի խոսքով, լիակատար խառնաշփոթ է: Երեք տարուց ավելի եվրոպական ազատ առեւտրի գոտուն տրամադրված հայկական ու ղարաբաղյան տնտեսությունը չգիտե՝ վերադասավորվե՞լ Մաքսային միության ներքո, թե միեւնույն է դրանից բան դուրս չի գա: