1in.am-ը գրում է.
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը այսօր ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Իր ելույթում խորը կարեկցանք հայտնելով կատարվածի համար՝ Քերոլայն Քոքսը նշեց, որ կատարվածը իրեն շոկի մեջ է գցել այն ժամանակ, երբ իմացել է՝ քնած հայ սպա է սպանվել: Եվ էլ ավելի խորը շոկ ու զարմանք է ապրել, երբ իմացել է, թե ինչպես Ռամիլ Սաֆարովին որպես հերոս դիմավորեցին Ադրբեջանում:
«Սա ինձ շատ է անհանգստացնում Ադրբեջանի ապագայի համար, իրենց երեխաների դաստիարակման համար, երբ իրենց մոտ մարդասպանին վերաբերվում են իբրև հերոսի:
Ես խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ում որդին ուսանող է համալսարաններից մեկում, նա պատմում է, որ այնտեղ կան երկու ադրբեջանցի ուսանողուհիներ, որոնք պաշտպանում են իրենց մարդասպանի հերոսությունը»,- ասաց Քերոլայն Քոքսը:
Նա նշեց, որ պայքարի մութ ու վատ օրերին Արցախում ինքը պատիվ է ունեցել կանգնելու քաջարի մարտիկների կողքին, ովքեր պաշտպանում էին իրենց հողը, և շնորհակալություն հայտնեց աշխարհի այս հատվածում ժողովրդավարության սահմանը պահելու համար:
«Ես միշտ ասում եմ՝ խորը համակրանք ունեմ հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նկատմամբ, դուք ոչ միայն գոյատևում եք, ոչ միայն շարունակում եք ապրել, դուք փլատակներից գեղեցկություն եք ստեղծում: Գուրգեն Մարգարյանի հոգին երբեք չի մեռնի, ձեր հերոսները իրական հերոսներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը աղոթելու է, որ Հայաստանում երեխաները մեծանան խաղաղության մեջ, այն խաղաղության, արդարության և ազատության, որի համար հայ ժողովուրդը վճարել է շատ մեծ գին: