Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս հայտարարություն էր տարածել, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների պահման պայմաններին ու վերաբերմունքին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը եւ գործով համապատասխան ապացույցները՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է Ադրբեջանից չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաեւ՝ չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ։

Միջազգային իրավունքի մասնագետ, հայ գերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է տարածել` որեւէ ակտ չի կայացվել ի վնաս Հայաստանի․ «Ընդ որում, խոսքը վերաբերում է թե՛ վերջնական եւ թե՛ միջանկյալ ակտերին։ Միջանկյալ ակտերը հայցի ապահովման միջոցներին վերաբերող որոշումներն են, եւ մենք նախորդ պրոցեսում տեսանք, որ դրանք նախորդում են լսումներին։ Լսումներից հետո դատարանը որոշում է կայացրել: Այս պարագայում մենք ականատես ենք լինում, որ լսումներ չեն եղել, ուստի նոր որոշման մերժում կամ բավարարում չէինք կարող ակնկալել։ Այլ է հարցը, որ արդարադատության միջազգային դատարանը կիրառել է որոշակի ծավալի հայցի ապահովման միջոցներ, այդ թվում՝ իր պաշտպանության ներքո վերցնելով Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ֆիզիկական անձեռնմխելիությունը, եւ Ադրբեջանը, ըստ էության, խախտել է այդ միջոցը․ դեռեւս մարտ ամսին դատավարությունից բերված լուսանկարները բացահայտեցին խոշտանգման ակնհայտ հետքեր, եւ սա կարող էր արդարացվել լրացուցիչ միջոցների կիրառմամբ, եւ այս պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը դատարանին տեղեկատվություն է տրամադրել, որ այս անձինք խոշտանգվում են, եւ, որպես հնարավորություն, առաջարկվել է քննարկման առարկա դարձնել նոր հայցի ապահովման միջոց, որը կապահովի այդ անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը նպատակահարմար չի համարել նոր հայցի ապահովման միջոցի կիրառումն այն պարզ պատճառաբանությամբ, որ արդեն կիրառված է, ուստի հարցը կարող է քննարկվել այդ տիրույթում` արդյոք միջոցները պահպանվո՞ւմ են, թե՞ խախտվում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել