Հայաստանն ԵՄ երկրներ մեղր արտահանելու իրավունք է ստացելPanarmenian.net-ը գրում է.

2012 թվականից նախատեսվում է սկսել հայկական մեղրի արտահանումն եվրոպական երկրներ: Ըստ ՀՀ կառավարության տվյալների, համապատասխան նախապատրաստական աշխատանքները ԵՄ հետ ավարտական փուլում են գտնվում:

Հայաստանում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանումը կնպաստի մեղվաբուծության զարգացմանն ու ոլորի ընդլայնմանը: Արդեն հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում՝ ԵՄ հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշմամբ:

2012 թվականին մեղրի արտադրությունը Հայաստանում կրճատվեց մոտ 10 անգամ՝ կազմելով մոտ 100 տոննա: Ոլորտում նման իրավիճակ էր ստեղծվել կլիմայական պայմանների պատճառով, քանի որ տարին խիստ անբարենպաստ էր մեղվաբուծության համար: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին երկրում արտադրվել է տարեկան 1000 տոննա մեղր:

Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը վստահ է, որ Հայաստանում և Արցախում կան համապատասխան տարածքներ մեղվաբուծության զարգացման համար և այդ նպատակով մշակվում է համապատասխան ծրագիր:

Խոսելով մեղրի օգտակար հատկությունների մասին՝ Նազարյանը նշել է, որ մայրակաթի, ակնամոմի և մեղվաբուծական այլ մթերքների շնորհիվ կարելի է բուժել մի շարք ծանր հիվանդություններ: Ավելին, առողջապահության նախարարությունն արդեն պաշտոնապես թույլատրում է օգտագործել այդ մթերքները առողջապահության մեջ:

Ըստ Նազարյանի, առողջությունը պահպանելու համար մարդուն հարկավոր է օրական օգտագործել 100-120 գ մեղր: Նա հայտնել է նաև, որ Հայաստանում դեղամիջոցներ են արտադրվում մեղվաբուծական մթերքների կիրառմամբ, սակայն հայկական շուկայում մեծ է նաև կեղծ արտադրանքի քանակը:

Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը ընդունվել և հաստատվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:

Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաև ԵՄ պաշտոնական ամսագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել