1in.am-ը գրում է.
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան կստեղծեն 200 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ, որի գործունեությունն ուղղված կլինի բռնի ծայրահեղականության դեմ՝ Սոմալիի, Եմենի և Պակիստանի նման պետություններում ջիհադիստների գաղափարախոսական և հավաքագրման ջանքերը խարխլելու միջոցով:
Ինչպես հաղորդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը, նոր հիմնադրամը պաշտոնապես կկրի «Համայնքային ներգրավվածության և առաձգականության համաշխարհային հիմնադրամ» անվանումը:
Հիմնադրամի գործունեությունն առաջին անգամ կհամակցի ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական աղբյուրներից տրամադրվող ֆինանսավորումը՝ արժանահավատ տեղական կազմակերպությունները որոշելու, ծրագրերն ու դրանց իրականացումը զարգացնելու, հետևելու և գնահատելու, ինչպես նաև միջոցներ ուղարկելու տեղական նախագծերին: Դրանք կհասցեագրվեն ահաբեկիչների կոչերի հնարավոր թիրախը դառնալու հավանականություն ունեցող բնակչության խմբերին և անհատներին:
Սպասվում է, որ նոր հիմնադրամի գործունեությունը կմեկնարկի 2014 թվականի կեսերին: