1in.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքից «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում երկրի քաղաքական կառույցներին կոչ է արել զգույշ լինել 2008-ի պատերազմի գնահատականներում: 

«Երբ մենք ներսում (Վրաստանում) վիճում ենք, դա ժողովրդավարության սովորական գործընթաց է, սակայն կան թեմաներ, որոնց մենք չպետք է անդրադառնանք: Մենք պետք է շատ զգույշ լինենք: Եթե մենք մշտապես կրկնենք, այդ թվում՝ արևմտյան պարբերականներում, թե պատերազմը տեղի է ունեցել Վրաստանի մեղքով, թե մենք չպետք է պատասխան տայինք կրակին, թե Վրաստանը փոքր երկիր է, դա հասկանալի չէ»,- ասել է Սաակաշվիլին:

«Ես այստեղ (ՄԱԿ-ում) ելույթ ունեցա Վրաստանի անունից: Նայե´ք վերջին երկու օրերի մամուլը: Շատ մարդիկ երախտագիտություն են հայտնում, այդ թվում՝ Ռուսաստանից: Երախտագիտություն են հայտնում Վրաստանին, ոչ թե նախագահին: Դա մեծ, համատեղ պայքար է, և երբ այդ ֆոնին հայտարարում ես, որ Վրաստանը փոքր երկիր է, որ մենք չպետք է ունենանք տարածաշրջանային և համաշխարհային հավակնություններ…Մենք ինքնաբերաբար ունենք համաշխարհային հավակնություններ, և դրա համար էլ Պուտինը պատժում է մեզ»,- նշել է Վրաստանի նախագահը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ում ներողություն է խնդրել նրանց առջև, ովքեր դեռևս ապրում են աղքատության մեջ, սակայն նա նշել է, որ երբեք ներողություն չի խնդրի այն բանի համար, որ չի ենթարկվել «օկուպանտին»: 

Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը Սաակաշվիլիի ելույթի ժամանակ լքել էր ՄԱԿ ԳԱ նիստերի դահլիճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել