Hetq.am-ը գրում է.

Կենդանի կենդանիների արտահանման-ներկրման շուկայում Հայաստանը, ինչպես եւ շատ այլ ոլորտներում, գլխավորապես ներմուծող է: 2011-2012 թթ. մեր երկիրը արտահանել է հիմնականում ոչխար, ածան հավ եւ դրա ճտեր: Մյուս կենդանատեսակները փոքր ծավալ են կազմել: Իսկ ահա ներկրման դաշտը բավականին բազմազան է՝ ընտանի ու էկզոտիկ թռչուններից մինչեւ խոշոր եղջերավորներ:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2011-ին Հայաստանն արտահանել է 2.825 գլուխ ոչխար, իսկ անցյալ տարի՝ 31.169, որից 12.274-ը՝ գառ: Ինչպես հայտնի է, մեր կենդանի ոչխարների հիմնական շուկան հարեւան Իրանն է: Սակայն հետաքրքիր է, որ կոնկրետ 2011-ի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը դեռեւս նույն տարվա նոյեմբերին հայտնել էր, որ արդեն իսկ արտահանվել է 135.000 գլուխ ոչխար, այնինչ վիճծառայության պաշտոնական տվյալները, որոնք հավաքագրվում են ՊԵԿ-ից, այլ բան են ասում: Ուրեմն կամ մաքսային հայտարարագրերն են կեղծվում, կամ էլ նախարարությունն է ուռճացված թվեր ներկայացնում:      

2011-ին ՀՀ-ն արտահանել է 124.000 հատ ածան հավի ճուտ, իսկ 2012-ին այդ թիվը դարձել է 169.500: Անցյալ տարի մեր երկրից դուրս է բերվել նաեւ 100 հատ հավ եւ 9.890 հատ այլ կենդանի:

Քանի որ Հայաստանի ներկրումները բազմազան են, ներկայացնենք առավել մեծ քանակ կազմող տեսակները՝ ըստ առանձին տարիների:

 

2011

2012

Հավ եւ ճուտ

1.431.528

2.768.658

Ընտանի խոզ

187

3.088

Խոշոր եղջերավոր անասուն

689

394

Պրիմատներ

286

133

Սողուններ (այդ թվում՝ օձ եւ կրիա)

24

10

Գիշատիչ թռչուններ

9

0

Թութակներ

904

198

Աղավնիներ

0

6

Այլ կենդանիներ

368.565

1.010.882

Վահե Սարուխանյան

Լուս.՝ flickr.com-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել