
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:
Օլիմպիական փոխչեմպիոնը հենացատկի վարժության որակավորման փուլում վաստակել էր 14.683 միավոր:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 1 ոսկե, 2 բրոնզե մեդալով ավարտեց պայքարը աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում: Ոսկե մեդալակիր դարձավ երիտասարդների աշխարհի կրկնակի, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը: Երիտասարդ մարմնամարզիկը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.633 միավոր:
Բրոնզե մեդալ նվաճեց նաեւ Արթուր Ավետիսյանը: Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը վաստակեց 14.466 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մասնակցել էր աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերին:
Փետրվարին Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր հենացատկում։
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլն անցկացվել էր Բաքվում։ Հայաստանի թիմը չէր մասնակցել:
Մարտին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է հաղթողի կոչումը։