Yerevannews.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի ընտանիքին: Հեռագրում ասված է. <<Խոր ցավով տեղեկացա ժողովրդական արտիստ, հասարակական գործիչ, հայ ազգի արժանավոր զավակ Սոս Արտաշեսի Սարգսյանի մահվան մասին: Սոս Սարգսյանը մեծ մտավորական էր, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու պատվավոր առաքելությանը: Անգնահատելի է Սոս Սարգսյանի ներդրումը հայկական մշակույթի զարգացման, բազում սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում: Իր անսպառ տաղանդի եւ փայլուն աշխատանքի շնորհիվ նա հարգանք ու ճանաչում է վաստակել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Մեծ է Սոս Սարգսյանի ավանդը նաեւ Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործում: Նա միշտ եղել է Արցախի հետ՝ ըստ ամենայնի աջակցելով մեր պետականաշինության գործընթացին: Արցախում բարձր են գնահատել Սոս Սարգսյանի հայրենանվեր գործունեությունը՝ պարգեւատրելով նրան <<Գրիգոր Լուսավորիչ>> շքանշանով եւ այլ պետական պարգեւներով: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեզ բոլորիս՝ անդառնալի կորստի առթիվ: Սոս Սարգսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում>>:



