Օտտո Բիսմարկի գործունեությունը առնչվել է նաև հայ իրականության հետ: Խոսքն առաջին հերթին 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին է:
Ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց 1878թ. փետրվարի 19-ին` Սան Ստեֆանոյում կնքված պայմանագրով, ըստ որի` Կովկասում Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Ալաշկերտը, Բայազետը, նաև Բաթումը: Այս պայմանագրով Հայկական հարցը դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա: Թուրքիան, ըստ էության, հրապարակավ ընդունեց, որ կայսրության կազմում գոյություն ունի Հայաստան երկիր, որտեղ ապրում է հայ ժողովուրդը: Դրական էր նաև այն, որ բարեփոխումների վերահսկողությունը իրականացնելու էր Ռուսաստանը, որի բանակը այդ ընթացքում տեղակայված էր մնալու Արևմտյան Հայաստանի գրավյալ տարածքում:
Մինչդեռ եվրոպական խոշոր տերությունները` Անգլիան, Ավստո-Հունգարիան և, առաջին հերթին` Գերմանիան` Օտտո Բիսմարկի գլխավորությամբ, չէին կարող հանդուրժել, որ տարածաշրջանում ուժեղանում էր Ռուսաստանի ազդեցությունը և, բնականաբար, պահանջեցին վերանայել պայմանագրի որոշ հոդվածներ: 1878թ. հունիսին տեղի ունեցավ Բեռլինի վեհաժողովը: Վերջինիս մասնակցելու համար Եվրոպա մեկնեց հայկական պատվիրակությունը` Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ:
Հայ պատվիրակությունը գնում էր, Խրիմյանի խոսքերով, օտարների կարեկցանքն ու գութը շարժելու, նրանցից ազատություն աղերսելու. «Պիտի խոսեմ լեզու մը, որ համաշխարհային է և տառապանքի լեզու է միևնույն ժամանակ, այսինքն` պիտի լամ»: Այնինչ վեհաժողովի նախագահը` Օտտո Բիսմարկը, հայկական պատվիրակությանն անգամ չթույլատրեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին:
Նախքան վեհաժողովի աշխատանքների սկսվելը, գերտերությունները փոխհամաձայնության եկան Ռուսաստանի իրավունքները հնարավորինս սահմանափակելու հարցում: Այս հարցը միավորեց անգամ այնպիսի անհաշտ մրցակիցների, ինչպիսիք էին Գերմանիան և Անգլիան: «Այդ ծեր հրեան իսկական տղամարդ է»,- այսպիսի դրվատանքի խոսքեր հղեց Բիսմարկը Անգլիայի վարչապետ Բենջամին Դիզրայելիի հասցեին` վերջինիս հետ առանձնազրույցից հետո:
Ռուսաստանի դեմ կանխարգելիչ քայլերի իրականացումը, ըստ էության, նշանակում էր, որ հարվածի տակ էին դրվում նաև հայ ժողովրդի կենսական շահերը: Այդպես էլ եղավ: Վեհաժողովը ի չիք դարձրեց այն դրականը, որ կար Սան Ստեֆանոյի պայմանագրում:



