Emedia.am-ը գրում է.
Նույն օրը երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Վենեսուելայի Հայոց հոգևոր հովվության առաջնորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանն իր օրհնանքի և գնահատանքի խոսքը բերեց փառատոնի կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակից երգչախմբերին, անհատ կատարողներին` աշխարհի 11 երկրներից:
Ողջունելով փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Մեծն Կոմիտասը հայ երգի Մաշտոցն է: Ինչպես Մաշտոցը ստեղծեց հայ գրերը, այնպես էլ Կոմիտասը զտեց և դարերին հանձնեց մաքուր հայ երգը, հայ երաժշտությունը: Կոմիտասը հայ մտքի հանճարն է, նրա երգն ու երաժշտությունը հարստացրեց ոչ միայն հայ, այլև համաշխարհային երգարվեստը»:
Տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին և կոմպոզիտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին` փառատոնն իրենց մասնակցությամբ պատվելու համար:
Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց համերգային մասը, Կոմիտասյան անզուգական կատարումներով հանդես եկան Սիրիայից` «Կռունկ», Իրանից` «Արարատ», Գերմանիայից` «Գայանե», Մոսկվայից` «Օվսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերը, ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնը, երգիչներ և անհատ կատարողներ Արցախից, Ջավախքից, Լիբանանից, Գերմանիայից, Թուրքիայից և Մոսկվայից: