168.am-ը գրում է․

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարված է, Իսրայելը Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ է հասցնում՝ այդպիսով ուղերձ հղելով Սիրիայի ձևավորած նոր կառավարությանը և Թուրքիային, որին Իսրայելը համարում է Սիրիայի իսլամիստ կառավարողների աջակիցը։

Իսրայելական կողմից հայտարարել են, որ Թուրքիան ապակայունացնում է տարածաշրջանը և փորձում Սիրիան դարձնել իրեն ենթակա տարածք։

Թուրքիայում ևս ներքին անկայունություն է, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո զանգվածային ցույցերը տարբեր խոշոր քաղաքներում չեն դադարում։

Այս ամենին զուգահեռ՝ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում երկու երկրները չեն կարողանում հասնել ընդհանուր համաձայնության, քանի որ Իրանը մերժել է պաշտոնական Վաշինգտոնին՝ գնալու ուղիղ բանակցությունների։ Փոխարենը՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն են պատրաստ վարելու ոչ ուղիղ երկխոսություն։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակին, ապա այստեղ Ադրբեջանը նախ պարբերաբար կրակ է արձակում հայկական կողմի ուղղությամբ, այնուհետև նոր պահանջներ առաջ քաշում «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար։

Ի՞նչ զարգացումներ սպասել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներից, Իրան-ԱՄՆ առճակատում կարո՞ղ է լինել, ի՞նչ կտա ԱՄՆ-Ռուսաստան ոչ ուղիղ երկխոսությունը, ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի։

Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան հետ։

Թուրքագետն ընդգծեց, որ այս պահին ականատես ենք միջազգային հարաբերությունների նոր դարաշրջանի առաջացմանը, որը գալիս է փոխարինելու այն համակարգին, որը ստեղծվել էր 1945 թվականին։ Սա ունի իր առանձնահատկությունները, և դրանցից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները և  Ռուսաստանը դժվար, բայց երկխոսություն են սկսել, որն առաջիկա 1 տարվա ընթացքում կտա իր արդյունքը, և 2 երկրները կգան որոշակի համաձայնության։

«ԱՄՆ ներկայիս նախագահ Թրամփը պրագմատիկ գործիչ է, խոշոր բիզնեսմեն, և կարծում եմ՝ նրա համար կարևոր հանգամանք է, որ 2 երկրներն աշխարհում ունեն միջուկային զենքի 90 տոկոսը, մնացած մյուս երկրները միասին ունեն միջուկային զենքի 10 տոկոսը։ Այսինքն՝ Ռուսաստանը մի պետություն է, որը կարող է ոչնչացնել, գուցե մասնակի, Միացյալ Նահանգներին, էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։ Դրա համար Թրամփը փորձում է ՌԴ-ի հետ գտնել ընդհանուր ճանապարհ, նույն էլ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի հետ։ Սա բարդ պրոցես է, մի կողմից՝ այդ երկու երկրների միջև ընդհանուր մի դաշտի ստեղծումն է, որպեսզի թուլացնեն 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգը, մյուս կողմից՝ Ուկրաինական պատերազմն է։

Այս 2 ուղղություններով ԱՄՆ-ը և Ռուսաստանը սկսել են բանակցությունների փուլ։ Սա նշանակում է, որ միջազգային հարաբերությունների այն ճարտարապետությունը, որը կար մինչև այս պահը՝ փոխվում է։ Եթե մինչև այս պահը դա միայն Արևմուտքի ու Միացյալ Նահանգների միանձնյա գերիշխանության շրջանն էր, հիմա Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ երկխոսություն ծավալել ու նրան որպես հակառակորդի՝ նեյտրալիզացնել՝ գտնելով ընդհանրություններ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Այս համատեքստում Ռուբեն Սաֆրաստյանը մատնանշեց Չինաստանին, որը Միացյալ Նահանգների համար ռազմավարական, տնտեսական առումով ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ռուսաստանը։ Ըստ այդմ, նրա գնահատմամբ՝ այս պահին ԱՄՆ-ը փորձում է չեզոքացնել Ռուսաստանին, որպեսզի Չինաստանի հետ լավ հարաբերություններ չունենա, որպեսզի հետագայում որպես հակառակորդ՝ իրենց համար մնա միայն Չինաստանը։

«Աշխարհում այս պահին ընթանում է ռազմավարական խաղ, կարծում եմ՝ միջազգային հարաբերությունների նոր ճարտարապետությունը տարվա վերջին ավելի ակնհայտ կլինի, ու կլինեն տարբեր բևեռներ, սակայն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը կլինեն գերիշխողները։ Սա նաև ենթադրում է, որ այս 3 երկրները կարող են համաձայնության գալ աշխարհի տարբեր տարբեր տարածաշրջանների վերաբերյալ։ Այս առումով Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում, Միացյալ Նահանգներն այս հարցը չի վիճարկի, որովհետև Ամերիկայի համար Հարավային Կովկասը չունի կարևոր նշանակություն։

Իսկ այս տարածաշրջանում հիմա որոշակի ստատուստ-քվո է ձևավորվել 2020 թվականի Արցախի պատերազմից ու 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից հետո։

Այս ստատուս-քվոն Թուրքիայի համար ավելի բարենպաստ է, քան մինչև 2020 թվականն էր, բայց այս տարածաշրջանը դեռևս ՌԴ-ի ազդեցության գոտին է։ Կարծում եմ՝ ներկա փուլում Թուրքիան էլ շահագրգռված չէ սրել իրավիճակը մեր տարածաշրջանում, քանի որ զբաղված է Մերձավոր Արևելքով, Էրդողանն ունի նաև մեծ ամբիցիաներ՝ կապված աշխարհի հետ, որպեսզի Թուրքիան դարձնի աշխարհի կարևոր երկրներից մեկը»,- շեշտեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա ևս մեկ կարևոր հանգամանք նշեց՝ ասելով, եթե Միացյալ Նահանգների նախագահը լիներ Ջո Բայդենը, ապա  պատերազմի հավանականությունը՝ Իսրայել-Միացյալ Նահանգներ և Իրան, քիչ կլիներ, սակայն Թրամփի դեպքում պատերազմը չի բացառվում, հատկապես, եթե ԱՄՆ-ը չկարողացավ Իրանի հետ գտնել կոմպրոմիսային տարբերակ։ Հետևաբար, ըստ թուրքագետի՝ չի բացառվում, որ Հարավային Կովկասում իրադրությունը սրեն՝ կապված Իսրայելի ու Իրանի պատերազմի, Միացյալ Նահանգների միջամտության հետ, ինչը Հարավային Կովկասը կդարձնի սուր հակամարտությունների տարածաշրջան։

Իսկ այս դեպքում կարող է պատերազմ սպառնալ նաև Հայաստանին։ Ադրբեջանն այդ դեպքում կարող է առիթն օգտագործել և հարձակում սկսել Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար, որովհետև այս պահին Ադրբեջանը կարևոր նշանակություն է  ձեռք բերել Իսրայելի, Միացյալ Նահանգների համար՝ որպես պլացդարմ Իրանի դեմ, եթե ռազմական գործողություններ սկսվեն։

Ադրբեջանը նաև կարևոր նշանակություն է  ձեռք բերել Իրանի համար, որին Իրանը փորձում է  հետ պահել Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ դաշնակցելուց։ Եթե հաջողվի խուսափել այդ պատերազմից, ապա այս տարածաշրջանում առկա իրադրությունը կպահպանվի։

«Թրամփի որոշումները փոխում են ոչ միայն միջազգային հարաբերությունների համակարգը, նաև ուժեղ հարված են հասցնում գլոբալիզացիային, որը կանգ է առնում, ու ստեղծվում է նոր աշխարհ։ Իսկ այդ նոր աշխարհում Հայաստանն ի՞նչ պետք է անի. կարծում եմ՝ այստեղ Եվրոպայի դիրքն ավելի թույլ է լինելու, իհարկե, Եվրամիությունը  կմնա ամենազարգացած տարածաշրջանը, բայց Եվրոպան ԱՄՆ-ի համար անվտանգության ոլորտում կորցնում է երաշխիքները։

Եվրոպան չի ունենալու այն ազդեցությունը՝ ներազդելու միջազգային հարաբերությունների վրա, որն ունի հիմա, այս հանգամանքը պետք է Հայաստանը հաշվի առնի։ Պետք է նաև հաշվի առնի մեկ այլ հանգամանք, որ Թրամփի աշխարհառազմավարության հետևանքով ՌԴ-ի դերն աշխարհում մեծանալու է։ Արևմուտքն, ըստ էության, չհասավ իր այն նպատակին, որ փորձում էր Ռուսաստանին մեկուսացնել, որովհետև Ռուսաստանի դերն ուժեղանալու է»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել