Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակից Լաշանը մարտի 5-ին ասել էր, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Բաքվում Կարմիր խաչի գրասենյակը փակելու մտադրության մասին։ Ապա տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության գործունեությունը եւս։ Իսկ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն է, որի աշխատակիցներն այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին, կապ ապահովում նրանց ընտանիքների հետ։ Այժմ թեպետ Կարմիր խաչը դեռ շարունակում է իր գործունեությունը Բաքվում, սակայն հայ ռազմագերիներին վերջին անգամ այցելել են փետրվարին, այն դեպքում, երբ 4 շաբաթը մեկ պետք է այցելեն: 2 տարի առաջ գերության մեջ հայտնված Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակին» ասաց, որ Կարմիր խաչը վերջին անգամ իր հորն այցելել է փետրվարին, նրա հետ վերջին անգամ խոսել են այդ ժամանակ, դրանից հետո չունեն որեւէ տեղեկություն: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի աշխատակից Զառա Ամատունուն մի քանի հարց ուղղեցինք: 

- Դեռ մարտից խոսակցություններ կան, որ Ադրբեջանում Կար­միր խաչի գրասենյակը փակվում է: Ի՞նչ փուլում է պրոցեսն այժմ:

- Դեռեւս որեւէ հստակեցում չկա, մեր կազմակերպության երկխոսությունն ընթացքի մեջ է Ադրբեջանի իշխանության հետ:

- Այսինքն` բանակցում եք:

- Կարելի է նաեւ այդպես ասել:

- Գերիների հարազատներն ասում են, որ վերջին անգամ փետրվարին է Կարմիր խաչն այցելել իրենց հարազատներին:

- Մենք տեսակցություն արել ենք փետրվար ամսին, այս պահին կարող եմ միայն դա ասել: Ցանկացած տեսակցության ընթացքում բոլորի հետ տեսակցության հնարավորություն լինում է:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ այդքան ուշ-ուշ եք սկսել այցելել գերիներին: Առաջ ամեն ամիս այցելում էիք: Ադրբեջանի իշխանությունների քայլերո՞վ է դա պայմանավորված:

- Չեմ կարող Ադրբեջանի իշխանությունների մասով ինչ-որ բան մեկնաբանել: Այդ հարցերը կարգավորվում են կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, սակայն ասել, որ ուշ-ուշ են այցերը, այդքան էլ այդպես չէ, քանի որ այցելություն կատարվում է 4-5 շաբաթը մեկ անգամ, մենք կարողացել ենք դա պահպանել: Գուցե լինում են օբյեկտիվ պատճառներ, որ մի քանի օր հետաձգվում են տեսակցությունները, սակայն ունենք պարբերական այցելելու հասանելիություն:

- Իսկ հեռախոսազանգերի մասով ի՞նչ կասեք: Ինչո՞ւ են գերիները զանգելու հնարավորությունից զրկված:

- Մենք տեսակցությունների ընթացքում մարդկանց հնարավորություն ենք տալիս կապ հաստատել հարազատների հետ` կապի տարբեր միջոցներով: Կարմիր խաչի նամակները հիմնական միջոցներն են, որոնք արծարծված են Ժնեւի կոնվենցիայում` որպես կապի միջոց: Եթե խոսքը կապի այլ միջոցների մասին է, ապա դրանք իշխանությունների հետ որոշ պայմանավորվածությունների հիման վրա են կազմակերպվում: Ադրբեջանի պարագայում տեղի են ունենում հեռախոսազանգեր, վիդեոուղերձներ, սակայն դրանք պարտադիր կապի միջոցներ չեն, պարտադիր կապի միջոցները նամակներն են:

- Ադրբեջանի մտադրությունը` լուծարել Կարմիր խաչի գրասենյակը, միջազգային հարթակներում ի՞նչ իրավական գնահատականի կարող է արժանանալ:

- Ես իրավասու չեմ մտորելու այդ պրոցեսների մասին, չգիտեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել