Բոլորս էլ հանդիպել ենք մեր շրջապատում այնպիսի մարդկանց, ովքեր սկսում են շրջապատին բարձրից նայել, երբ «բախտի բերմամբ, թե պատահմամբ» նշանակվում են մի նոր` ավելի լավ գործի կամ էլ ինչ-որ բիզնեսով են սկսում զբաղվել:
Հենց այս երևույթը համարում եմ մեր հասարակության մեջ ներդաշնակության բացակայության կարևոր պատճառներից մեկը, քանի որ սրա հետևանքով կա դիմացինի նկատմամբ հարգանքի պակաս, իր անձը մնացածից ավելի բարձր դասելու սովորություն: Այս երևույթը ես կապում եմ փոքրոգության և «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ» չտեսությունը նկարագրող հզոր արտահայտության հետ: Եթե մարդ կյանքում մի բանի է հասնում փուլերով` ներքևից վերև, իր աշխատասիրության, խելքի և փորձի շնորհիվ, այդպիսի մարդը չի կարող նման ձևով իրեն դրսևորել, քանի որ հասել է այդ աստիճանին` դժվարություններ հաղթահարելով: Իսկ երբ նրան «տեղավորում» են իր գիտելիքներից և մտավոր կարողություններից անհամեմատ բարձր մի աշխատանքի, նրա մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի սին բարձրացում, որի հետևանքով էլ սկսում է կարծել, թե ինքն իրենից կարևոր ֆիգուր է ներկայացնում:
Այսօրվա դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նահագահ Մահմուդ Ահմադ-Ինեժադն աշխատանքի է գնում ավտոբուսով, իսկ Հայաստանում «վետերոկ» ունեցող մեկը, թանկարժեք մի մեքենայի լուսամուտից ձեռքը դուրս գցած, մեքենան կանգնեցնում է իր «վետերոկի» առջև այնպես, կարծես երկիրն իրենն է, պարզապես ինքն այնքան «մեծահոգի» է, որ թույլ է տալիս մյուսներին այստեղ բնակություն հաստատել: Հարգելի «մեծահոգի» և այս կերպարին համապատասխանող, սակայն դեռ չնմանված մնացած հոգով աղքատներ, նման երևույթները վաղուց արժանի են միայն ծաղրի: Դրանով այլևս ոչ մեկին չեք զարմացնի: Հուսով եմ, որ այս տհաճ երևույթը կարճ ժամանակում կվերանա կամ գոնե կհասնի նվազագույնի, և բոլորը կսկսեն գիտակցել, որ մեր երկրում մարդիկ պետք է հավասար լինեն` անկախ իրենց ունեցվածքից: Առանց այդ էլ բնակչության թվով մեզ ոչ ոք չի կարող նախանձել:
Հ.Գ. Հարգելով դիմացինին` կստանաք հարգնաք: Գոնե հարգանքն այս կյանքում պետք է լինի փոխադարձ: Մարդ լինելը կյանքում ամենաբարդ մասնագիտությունն ու աշխատանքն է:
Կից նյութն՝ այստեղ