1in.am-ը գրում է.
Սերպտեմբերի 25-ի դրությամբ Ազգային հիփոթեքային ընկերությունն ամսական կտրվածքով վերաֆինանսավորել է 42 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 328 մլն 300 հազար դրամ: Վարկերի հիմնական մասը բնակարան գնելու համար է: Ըստ ընկերության տվյալի 42 վարկից 32-ը, այսինքն` մոտ 281 մլն դրամը վերաֆինանսավորվել են ձեռքբերման համար:
Վերաֆինանսավորվում են նաև բնակարանի նորոգման համար վերցված վարկերը: Այս ամիս դրանք 10-ն էին, այսինքն` մոտ 47 մլն դրամի:
Հետաքրքիր է, որ վերաֆինանսավորված վարկերի շատ մեծ մասն է կենտրոնացված Երևանում: Այսպես, 42 վարկից մարզերում վերաֆինանսավորվել է ընդամենը` 14-ը՝ 96,7 մլն դրամի: Իսկ Երևանին բաժին է ընկել 28 վարկ` 231,5 մլն դրամի:
Ազգային հիփոթեքային ընկերությունը գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր: Այսպիսով, ընկերությունը փորձում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար դրամ: 2009 թվականին հիմնադրված ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը Կենտրոնական բանկն է: