Lragir.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը Նյու Յորքում ստորագրել է Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Այն ստորագրել է Վանուատուի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:

Վանուատուն նորաստեղծ կղզի պետություն է, որը աշխարհին առավելապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հայտարարեց Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին: Հետո պարզվեց, որ այդ հայտարարությունը կոնկրետ գին է ունեցել եւ Ռուսաստանը պարզապես փողով օգնել է Վանուատուին, որն էլ այդ օգնության դիմաց օգնել է Ռուսաստանին:

Հետո Վանուատուում կառավարություն փոխվեց, եւ նոր կառավարությունը չեղյալ հայտարարեց Աբխազիայի անկախության ճանաչումը: Հավանաբար նոր կառավարությունը Ռուսաստանից փողի իր բաժինն էր ուզում: Եվ երեւի թե Մոսկվան հասկացավ, որ սա շահավետ բիզնես չէ՝ ի տարբերություն Ադրբեջանի հետ զենքի բիզնեսի: Միեւնույն է, Աբխազիայի կշիռը եւ դրա հանդեպ Ռուսաստանի հովանավորությունը ոչնչով չավելացավ Վանուատուի, կամ թեկուզ Նիկարագուայի եւ Վենեսուելայի ճանաչումից հետո:

Ավելին, ժամանակի ընթացքում Աբխազիայում դժգոհություններ սկսեցին ռուսական հովանավորությունից, քանի որ անգամ աբխազները հասկացան, որ մինչ Ռուսաստանի ճանաչումն ավելի անկախ էին, քան դրանից հետո:

Թե Հայաստանի ինչին է պետք Վանուատուն, դժվար է ասել: Հավանաբար, Հայաստանն ինչ որ բան ստորագրելու այնպիսի մեծ ցանկությամբ է տոգորված, որ պատրաստ է ստորագրել ինչ պատահի, միայն թե Եվրամիությանը ցույց տա, որ ստորագրելու համար խելքն իրենը չէ: Բայց, ինչպես երեւում է, ստորագրելու այս պոռկթման մեջ պաշտոնական Երեւանը առայժմ միայն ստորագրել է այնպիսի փաստաթղթեր, որոնք մեղմ ասած դժվար է Հայաստանի համար օգտակար որակել:

Կարելի էր կարծել, որ Հայաստանն էլ մտադիր է Վանուատուին ֆինանսական օժանդակություն ցուցաբերել, դրա դիմաց ակնկալելով ԼՂՀ ճանաչում: Բայց այդ դեպքում Հայաստանին հարկ կլինի կեղծել ոչ միայն այստեղի, այլ նաեւ Վանուատուի ընտրությունները, որպեսզի այդ երկրում կառավարություն չփոխվի: Այլապես կա Ռուսաստանի օրինակը, երբ նոր կառավարությունը չեղյալ հայտարարեց հնի որոշումը:

Այնպես որ, Հայաստանին հարկավոր է լավ հաշվարկ կատարել, թե արդյոք ընտրակեղծարարության ռեսուրսը կբավականացնի՞ աշխատել Հայաստանում եւ Վանուատուում: Չէ որ կավելանան գործուղման ծախսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել