Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․

«Եզրափակելով նշեմ, որ հիշյալ հողամասերի օտարումը որևէ բացասական ազդեցություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ դպրոցների ու մանկապարտեզի բնականոն գործունեության վրա, դրանք երբևէ չեն օգտագործվել այդ հաստատությունների կողմից, որպիսի հանգամանքը հաստատված է նաև քրեական գործով։

Այս փաստը ևս դժվար չէ ստուգել, պարզապես կարելի է այցելել համապատասխան հասցեներով և տեսնել դա։

Մյուս կողմից անհերքելի փաստ է, որ շուկայական արժեքներով օտարված այդ հողամասերի համար վճարված գումարները մուտքագրվել են Երևանի բյուջե և օգտագործվել քաղաքի կարիքների համար։

Ամեն դեպքում ես համոզված եմ, որ գլխավոր դատախազը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, լիովին և ամբողջությամբ հասկանում է, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ դեռևս 2021 թվականից իրականացվող և ներկայումս որոշակի «կոսմետիկ» միջամտությունների ենթարկված քրեական հետապնդումը իրավաբանության տեսանկյունից մեղմ ասած խնդրահարույց է։

Համոզված եմ նաև, որ թե գլխավոր դատախազի և թե քաղաքական իշխանությունների համար ակնհայտ է, որ պարոն Մարգարյանը որպես տղամարդ, որպես պետական-քաղաքական գործիչ երբևէ չի խուսափել իր գործողությունների, իր կայացրած որոշումների համար պատասխանատվություն ստանձնելուց և այս քրեական հետապնդումը որևէ ազդեցություն չի կարող գործել նրա վրա։ Միաժամանակ վստահ եմ, որ սույն դեպքում ևս հաստատվելու է, որ պարոն Մարգարյանը գործել է բացառապես ի շահ Երևան քաղաքի և որևէ հակաօրինական արարք չի կատարել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել