Ոմանք ուզում են բերանս փակել, լռեցնել, անգամ ,,ուղղորդել,, , որ թատերագետն իր գործով պիտի զբաղվի, չպետք է խոսի այն մասին, թե ինչպես մի խումբ ճարտարապետներ ելան ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ դեմ՝ նրա միջոցով փորձելով վրեժ լուծել Նարեկ Սարգսյանից... 
Այս մարդիկ Սոս Սարգսյանին ու նրա երազած թատրոնի շենքը թիրախ դարձրեցին՝ իրենց ատելությունն ու մաղձն արտահայտելու Նարեկ Սարգսյանի հանդեպ... Ինչպե՞ս չխոսեմ ու չգրեմ այս մասին, ինչպե՞ս չասեմ, որ մի խումբ ճարտարապետներ չհասկացան, որ բոլորս անցողիկ ենք, որ մեր անունները մոռացվելու են, իսկ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ մնայուն է միշտ... Որ չէր կարելի հային ոչ վայել կեցվածքով վիրավորել նրան, ծաղրել... 
Որպեսզի ընդդիմախոսներս հերթական անգամ ,,բարոյական,, դասեր չտան, հիշեցնեմ, որ ճարտարապետ գուրգեն մուշեղյանը խոսում էր իբր մետրոպոլիտենի մասին՝ ասելով, որ չի կարելի քաղաքի դռները փակել... Իսկ մետրոպոլիտենի կայարան կառուցելով դռներ չէ՞ին փակվում... Ընդ որում, այդ մետրոպոլիտենը կարելի էր անգամ հարյուր տարի հետո կառուցել, ինչպես ասում էր Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը... Նա նաև հիշատակում էր Թամանյանին՝ այսպես դիմելով սպեկուլյացիայի: Թամանյանը նախագծել էր 300 հազարանոց քաղաք, ոչ թե միլիոնանոց, Թամանյանը մետրոպոլիտեն չէր նախատեսել... Նույն մուշեղյանը հասավ մեծագույն արտիստին ծաղրելու երկրորդ քայլին՝ առաջարկելով թատրոնի շենքը կառուցել ,,Պլանի գլխին,, կամ չեմ հիշում որտեղ՝ նույն պահին ասելով, որ, ցավոք, այդ տարածքները սեականաշնորհված են... Մի՞թե սա ծաղր չէր, մի՞թե այսպես չէր ուզում նա ,,ձեռք առնել,, ՎԱՐՊԵՏԻՆ... Իսկ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ կամեցածը մի թատրոն էր, ոչ իր համար, այլ Հայաստանի, Երևանի... Չէր ասում, թե ինձ համար դղյակ կառուցեք, չէր ասում, թե ինձ շատ փողեր տվեք, այլ ընդամենը թատրոնի շենք էր կամենում կառուցել... Այն էլ սփյուռքահայ բարերարների ներդրումներով, այն էլ ամբողջապես իր մեծագույն հեղինակության շնորհիվ... 
Նույն ճարտարապետները թույլ տվեցին, որ Երիտասարդական պալատը քանդվի, Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը քանդվի, հիմա ձգտում են լռություն պահպանել, երբ Էռնեկյանը Զվարթնոց օդանավակայանի շենքն է քանդում... Նույն ճարտարապետների աջակցությամբ, նաև նրանցից մի քանիսի նախագծերով, Օղակաձև զբոսայգին ոչնչացավ, վերածվեց սրճարանառեստորանային համալիրի, ժամանակին նույն ճարտարապետները լռեցին, երբ Ազգային պատկերասրահի գլխին կառուցվեցին հարկաբաժիններ՝ այսպես աղավաղելով թամանյանական մտահղացումները...
Լռեցին, իսկ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ դեմ ելան, վիրավորեցին ու նվաստացրին նրան, նրա դեմ երիտասարդներին տրամադրեցին...
Եվ այսքանից հետո՝ ոմանք ուզում են ինձ լռեցնել...
Չե՞ք կարող լռեցնել, խոսելու եմ միշտ:
Խոսելու եմ որպես թատերագետ, որպես մտավորական, որպես ՀԱՅ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել