1in.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկության կարգի փոփոխմամբ հարցը չի լուծվի: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր կարգը նպատակ ունի քվեարկությունը փոքր-ինչ ավելի թափանցիկ դարձնել: 

«Այդպիսով նրանք և խստացնում են քվեարկության կարգը, և թափանցիկ են դարձնում այն` ժյուրիի կազմը նախօրոք են հրապարակում և այլն, բայց չեմ կարծում, որ նկատելի տարբերություն լինի, այսինքն` որ դա հարցի լուծում է»,- ասաց նա: 

Գասպարյանի կարծիքով՝ նախ պետք է ավարտին հասցնել հետաքննությունը, ընդ որում՝ դա պետք է անել մինչև «Եվրատեսիլ» մրցույթի մեկնարկը: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ մի շարք երկրներ արդեն իսկ երգի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացնում, Հայաստանը ևս մտածում է այդ ուղղությամբ, սակայն դրանից առաջ գոնե որոշակի պատասխաններ ենք ակնկալում: 

«Մենք առայժմ պաշտոնապես մասնակցության հայտ չենք ներկայացրել, ինչպես և բազմաթիվ երկրներ, դրա համար կան հատուկ ժամկետներ՝ մինչև տարեվերջ պետք է այն ներկայացնենք»,- ասաց Գասպարյանը` պատասխանելով մրցույթը բոյկոտելու մասին լուրերին: 

Նրա կարծիքով՝ եթե պարզվի, որ իրոք Ադրբեջանն անազնիվ է խաղացել, կաշառել է ժյուրիի տարբեր երկրների անդամներին, ուրեմն պետք է չեղյալ համարել ողջ մրցույթը, որովհետև եթե իրենք իրենց միավորները «գնել» են, արդար քվեարկության դեպքում դրանք պիտի ստանային այլ երկրներ, որի շնորհիվ, հնարավոր է, օրինակ՝ Հայաստանը 8-րդ տեղը զբաղեցներ, այսինքն՝ պետք է չեղյալ համարվեն մրցույթի արդյունքները: 

«Այդուհանդերձ, չեմ կարծում, որ նման բան անեն, դա «Եվրատեսիլ»-ին էլ ձեռնտու չէ: Ապացուցվելու պարագայում Ադրբեջանին հասանելիք պատիժը կլինի տուգանքների տեսքով կամ որոշակի տարիներ թե մանկական, թե մեծերի «Եվրատեսիլ»-ին չմասնակցելու սահմանափակմամբ»,- ասաց Գասպարյանը` նկատելով, որ դա իր անձնական դիտարկումն է: Պաշտոնական տեղեկատվությամբ` գործը հետաքննվում է, այժմ զբաղվում են այդ հարցով:

«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի ժյուրիի տարբեր երկրների անդամների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու մասին լուրերը մտահոգել են մրցույթի կազմակերպիչներին: Վերջիններս փոխել են քվեարկության կարգը: Այսուհետև ժյուրիի անդամների անունները կհրապարակվեն մրցույթից առաջ, իսկ հաղթողի անունը հայտնի դառնալուց հետո կհրապարակվեն ժյուրիի անդամների տված գնահատականները: Երգի մրցույթի տնօրենը՝ Ջոն Օլա Սենդը, չի բացառել հետաքննությունից հետո Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: «Եվրատեսիլ 2014»-ը անցկացվելու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: 

Մինչ հետաքննության արդյունքների հրապարակումը՝ Հայաստանը պատրաստվում է մանկական «Եվրատեսիլ»-ին: «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին, ժամը 21:30-ին՝ «Առաջին ալիքի» ուղիղ եթերում: «Առաջին ալիքի» «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթի գծով ստեղծագործական խումբը ստացել է մասնակցության 82 հայտ: Ընտրական փուլին կներկայացվեն դրանցից 12-ը: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի՝ մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխանելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը: Հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: 

Սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ Կիևի «Ուկրաինա» արվեստների պալատում: Այս տարի մրցանակային են համարվելու 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել