Երեկ մեր հանձնաժողովի նիստից հետո Ազգային ժողովի տարածքում, այս միջանցքում տեղի է ունեցել խայտառակ երևույթ՝ հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողի: Այս մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Սա անթույլատրելի է, սա պետք է ստանա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է այլևս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այս հարձակումները: Բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտե՛ք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են։ Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, բավական է ձայներդ կտրած նստեք, բավական է, այս ամենը հանգեցնելու է վաղը շատ ավելի տոտալիտար մի համակարգի, այսքանը»,- ասաց Մանուկյանը:

Քոչարյանն էլ ի պատասխան նշեց, որ ինքը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը և որ նկատի է ունեցել որ խոսքը օգտագործելուց պետք է լինի մաքուր:

«Թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն է, ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել