Replik.am-ը գրում է.
Ես խորհուրդ չէի տա մեր երիտասարդներին փորձել խաղալ Սոս Սարգսյանի նման, քանզի դա գրեթե անհնարին է, որովհետև նրա նման խաղալու համար պետք է նրա նման մտածել, իսկ դա յուրահատուկ մտածելակերպ է, որոնցով օժտված մարդիկ ծնվում են լավագույն դեպքում 100 տարին մեկ անգամ: Սոս Սարգսյանն ավելի շատ մտածող էր, քան թե դերասան. ոչ թե խաղ, այլ արարում…: Սոս Սարգսյանն այլևս չկա, սա նշանակում է այլևս չկա Սոս սարգսյանական մտածելակերպը, որն այդքան անհրաժեշտ է մեր թաթերական նոր սերնդին: Սոս Սարգսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը սովորական դերասաններ չէին, մենք երևի մինչև վերջ այդպես էլ չհասկանանք, թե ինչպես էին իրենք խաղում, որովհետև նրանց ամեն մի ժեստը, ամեն մի շարժ ու ձևը, միմիկան, ամեն մի հնչեցրած ֆրազայի անկեղծության աստիճանն ի սկզբանե մեզ «պարալիզացնում» էր և մենք առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ նրանց ամբողջ խաղը մենք դիտում էինք արդեն իսկ «հիպնոզացված» վիճակում: Այո´, նրանք «հիպնոզացնում» էին իրենց խաղով և ես այլ անվանում չեմ կարող տալ…: Նրանք կերպարներ էին կերտում, որոնք համահունչ էին բնության հետ: Նրանց խաղը ոչնչով չէր տարբերվում իրական կյանքից, թերևս միայն նրանով, որ նրանք ավելի արտահայտված ֆորմացիաներով ցույց էին տալիս մեզ իրական կյանքի ողջ գեղեցկությունը և դրա հետ մեկտեղ առկա «տրագիզմը»: Այսօր երբ իմացա այս ողբերգության մասին սկսեցի նորից նայել նրա ֆիլմերից մի քանի էպիզոդներ, եթե անկեղծ լինեմ, ապա պետք է խոստովանեմ, որ ամբողջ մարմնովս մեկ սարսուռ անցավ, երբ պատկերացրեցի, որ բեմարվեստի այս մեծ «քանդակագործն» այլևս չկա, այլևս չկա «Մենք ենք մեր սարերի» լեյտենանտի դերակատարը, չկա Նահապետի դերակատարը, չկա Գիքորի հոր դերակատարը, չկա Հեղնար աղբյուրի վարպետը, չկա աղունիկ պահողի դերակատարը, չկա Սոս Սարգսյանը, չկա մի մարդ, որը իր կյանքի օրոք իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի սովորական հային երջանիկ տեսնի: Հավատացեք նա մեզ սիրում էր, ոչ թե որպես իրեն պաշտող հանդիսատեսի, այլ առաջին հերթին որպես հայի…:
Հ.Գ . «Կան դերասաններ, որոնց դերասան կոչել չի կարելի, քանզի նրանք չենք խաղում, այլ ապրում են բեմի վրա, նրանք բեմի վրա ավելի բնական են, քան կյանքում»/Մոլյեր/