Հյուսիսարևմտյան Պերույում պահակ աշխատող Յուֆանի Օլայան ապշեց, երբ տեսավ դոդոշին ինչ-որ բան ծամելիս: Պարզվեց, որ այդ ինչ-որ բանը ոչ այլինչ էր, քան չղջիկ: Յուֆանի Օլայան Սեռոս դե Ամոտապե ազգային զբոսայգում լուսանկարահանել է դոդոշին չղջիկ խժռելիս: Օլայան ցույց է տվել լուսանկարը կենսաբան Ֆիլ Տոռեսին, ով աշխատում է Պերուական Ամազոնիայում գտնվող Թամբոպատա հետազոտական կենտրոնում: «Սա թերևս առաջին լուսանկարն է, որում պատկերված է, թե ինչպես է դոդոշը չղջիկ ուտում», ասել է Տոռեսը:
Լուսանկարի չղջիկը ամենայն հավանականությամբ «մոլոսուս-մոլոսուս» տեսակին պատկանող երկար պոչով և թավշյա կաշվով եղեգնյա չղջիկներից է, որոնք տարածված են Հարավային Ամերիկայի հյուսիսում: Տոռեսն ասել է LiveScience-ին տված հարցազրույցում, որ Բրազիլիայում տեսել են, թե ինչպես է մի այլ տեսակի դոդոշ երկար պոչով չղջիկ ուտում:
Եղեգնյա դոդոշները հայտնի են իրենց շատակերությամբ: Տոռեսն ասել է, որ այդ հատկության շնորհիվ է, որ նրանք հաջողությամբ հաստատվել են իբրև ինվազիվ տեսակներ այնպիսի վայրերում, ինչպիսին է Ավստրալիան: Սակայն հազվադեպ կարելի է տեսնել չղջիկ ուտող դոդոշի, քանի որ չղջիկները կարող են շատ ավելի վեր թռնել գետնից, որի վրա ցատկոտում են երկկենցաղ կենդանիները: «Այս դեպքում այնպես է ստացվել, որ չղջիկը թռել-ընկել է դոդոշի բերանը», Տոռեսը գրել է իր բլոգում: Օլայան պատմել է նրան, որ երբ դոդոշը բերանը լայն բացած նստած է եղել, հանկարծ չղջիկը նրա բերանի մեջ է թռել: Չղջիկը հավանաբար դուրս էր եկել գետնի վրա բնակվող միջատների որսի և պատահաբար ընկել է դոդոշի բերանը: Ինչ խոսք, դոդոշի բախտը բերել է:

Պանամայի Սմիթսոնյան արևադարձային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ռեյչել Փեյջն ասել է, որ դոդոշներն ուտում են չղջիկներ, սակայն հիմնականում այն դեպքերում, երբ պատահաբար է չղջիկ ուտելու առիթ ստեղծվում: Այնուամենայնիվ, որոշ դոդոշներ և գորտեր պարբերաբար քարայրների մոտ սպասում են և որսում են չղջիկներին, երբ նրանք գիշերով իրենց թառից իջնում են: Փեյջն ասել է, որ սա տեղի է ունեցել Ավստրալիայում:
Այնուամենայնիվ, չղջիկները միշտ չէ, որ զոհի դերում են: Չղջիկների որոշ տեսակներ, օրինակ` ծոպաշուրթ չղջիկները (Trachops cirrhosus), իրենք են ուտում դոդոշներին: Փեյջն ասել է, որ ինքը կարծում է, որ ավելի հաճախ չղջիկներն են որսում գորտերի, իսկ որոշ չղջիկներ հետևում են այն ձայներին, որ արու գորտերն արձակում են` զուգընկերուհիներին գրավելու համար և այդ ձայների շնորհիվ ընկնելով գորտերի հետքին` որսում են նրանց:
Պատմությունն ուրախ ավարտ ունի, համենայն դեպս չղջիկի համար: Տոռեսն ասել է, որ դոդոշը, չհաջողացնելով ամբողջությամբ կուլ տալ չղջիկին, ձեռք քաշեց նրան ուտելու գաղափարից և դեռևս կենդանի չղջիկը թռավ-հեռացավ:



