1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում ցանցահեններին հաջողվել է գողանալ մոտ 4 մլն ամերիկացիների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի անձնական տվյալները՝ հաղորդում է BBC-ն:
Չարագործները ներթափանցել են բրոքերների համակարգչային կորպորատիվ համակարգ, որտեղ պահվում է միլիոնավոր հաճախորդների մասին տեղեկատվություն:
Մասնավորապես, չարագործներին հաջողվել է գրավել սոցիալական ապահովագրության համարներով տվյալների բազան, ինչպես նաև Միշել Օբամայի, Բիլ Գեյթսի, դերասան Էշթոն Քատչերի, երգիչներ Բեյոնսեի ու Ջեյ Զիի նույնականացման քարտերի տվյալները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրանց տվյալները ցանցահենները հրապարակել են կայքում, որը հետո փակվել է:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տվյալները ձեռք են բերել SSNDOB պորտալում, որտեղ կոնկրետ մարդու տվյալներին հնարավոր էր ծանոթանալ ընդամենը 50 ցենտով:
Համաձայն լրագրողական հետաքննության՝ SSNDOB կայքը ենթարկվել է ցանցահենների հարձակման, իսկ տվյալների աղբյուրը, հնարավոր է, եղել են ամերիկյան 3 ընկերությունների համակարգչային համակարգերի տվյալները, որոնք մատուցում են տեղեկատվական ծառայություններ՝ LexisNexis, Dun & Bradstreet և Kroll:
Բոլոր 3 ընկերությունները հայտարարել են, որ իրենք այդ հարցի վերաբերյալ աշխատում են դաշնային գործակալների հետ:
ԱՄՆ հատուկ ծառայությունները շարունակում են հետաքննել տվյալների գողացման փաստը: Ենթադրաբար, տեղեկատվության արտահոսքը եղել է 2013թ. սկզբին: