Քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում է կայացրել՝ Ստեփանյանի և Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես, շրջանառվում են տեղեկություններ, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, ասել է թե՝ «իշխանությունները մնացել են կրիմինալի հույսին»։

Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երեք ամսով։ Բողոք է ներկայացրել նաև Աշոտ Կյուրեղյանի պաշտպանը՝ պահանջելով բեկանել և վերացնել տնային կալանքը՝ որպես խափանման միջոց թողնելով գրավը և բացակայելու արգելքը։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքները, մեղադրյալները կալանավորվել են։
Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ Վերաքննիչ դատարանը ՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռուստամ Ստեփանյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանավորմամբ։ Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Աշոտ Կյուրեղյանի, խափանման միջոց տնային կալանքը ևս փոխվել է։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մագարյանի որոշմամբ՝ Կյուրեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանավորումը՝ 3 ամիս ժամկետով։

ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մեղադրյալներն արդեն ՔԿՀ-ում են։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել են բնակելի շենքի մոտ։ Հունիսի 11-ին՝ ժամը 23.17-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էստոնական փողոցում զենքով կրակում են, ապա՝ ժամը 23.53-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդել են, որ հրազենային վնասվածքով բուժօգնության են ընդունվել երեք տղամարդ, որոնցից մեկը՝ 1988թ.ծնված տղամարդը, «պարանոցի շրջանի հրազենային վնասվածքով», եւս երկուսը՝ ծնված 1980թ., գլխի շրջանում։ Նրանց թվում էր նաեւ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, որը գլխի շրջանում ստացած հարզենային վնասվածքներից մահացել է։

ՔԿ-ն հաղորդել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են եղել «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ: «LAND CRUISER» մակնիշի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել են կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Դեպքից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սպшնության թելերը տանում են դեպի Ռուստամ Ստեփանյան, որն, ըստ շրջանառվող լուրերի, նաև կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Ավելին, «Ֆազ»-ի և «Չաղ Ռուստամի» միջանձնային խնդիրների մասին հայտնի էր վաղուց։ Այժմ, Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով, իսկ ահա կատարողները դեպքից հետո հատել են ՀՀ սահմանը և մեկնել ՌԴ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել