
1in.am-ը գրում է.
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Հակոբյանի գործի դատավարությունը:
37-ամյա Արսեն Հակոբյանն աշխատել է որպես թիվ 5 երթուղային տաքսու վարորդ:
Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի հունիսի 6-ի առավոտյան երթուղում «սահմանված կարգով» երթևեկելու հետ կապված հարցի շուրջ Հակոբյանը վիճաբանել է նույն երթուղու վարորդներ Արտակ Սաղաթելյանի և Վրեժ Պողոսյանի հետ:
Վերջիններիս կողմից Արսեն Հակոբյանը ծեծի է ենթարկվել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող նախկին ՊՆ շենքին հարակից դաշտում:
Չլուծված հարցերի պարզաբանում կատարելու համար Հակոբյանը իրեն ծեծողներին հեռախոսազանգով ժամադրել է: Նա իր հետ ժամադրավայր է տարել իր «թիմին»՝ Մախմուդին, Գուրգենին, Վահագնին, Ալեքսանին, Նորայրին, Վրույրին, Հրաչյային:
Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը, ժամը 20-ի սահմաններում Ավանի «Սթար»-ի մոտ Արսեն Հակոբյանը հանդիպել է Արտակ Սաղաթելյանին, Վրեժ Պողոսյանին ու նրանց համակիրներին:
Վրեժը փորձել է մեկ անգամ ևս հաստատել իրենց դիրքը տվյալ երթուղում, ինչը, ըստ մեղադրանքի, չի ընդունվել Արսեն Հակոբյանի կողմից: Նա, «օգտվելով հարմար առիթից, շրջանցել է Վ. Պողոսյանին, թիկունքի աջ կողմից բռունցքով մեկ անգամ հարվածել վերջինիս դեմքի աջ այտային շրջանին, դիտավորությամբ պատճառել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որոնք, հանգեցնելով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարման, անզգուշությամբ առաջացրել են Վրեժ Պողոսյանի մահը»:
Արսեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Նախաքննության ժամանակ Արսեն Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել, թե ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, որևէ բուժհիմնարկում հաշվառված չէ:
Վերջին երկու տարին վարել է թիվ 5 երթուղային տաքսին:
2012 թվականի հունիսի 6-ի առավոտյան ժամը 8-ին սկսել է աշխատանքը:
Ժամը 12-ին իր մեքենայից առաջ նկատել է նույն երթուղու վարորդ «Ախպարիկի» «Գազելը», որն այդ պահին վարել է այլ անձնավորություն, ում ինքը չի ճանաչել, քանի որ նա 2-3 օր առաջ էր երթուղի եկել: Նա այդ պահին մեքենան վարել է անմիջապես իր դիմացից, որի պատճառով ուղևորները նստել են նրա մեքենան, իսկ ինքը մնացել է համարյա առանց ուղևորի:
Ինքը, վրդովված լինելով, հասել է իրենց պարկ ու դժգոհություն հայտնել այդ անձնավորությանը: Ասել է, թե այդպես շարունակվել չի կարող, ինքն էլ է ընտանիք պահում:
Անծանոթ վարորդը զանգահարել է «Ախպարիկին» ու հեռախոսը փոխանցել իրեն:
«Ախպարիկն» ասել է, թե «կվարտալում»՝ գծի վերջում կսպասի, որ խոսեն:
Երթուղու վերջին կանգառում հանդիպել է «Ախպարիկին» ու ոմն Էդոյի: Նրանք նստել են իր «Գազելը», «Ախպարիկն» առաջարկել է քշել դեպի Աշտարակ:
Հասել են նախկին ՊՆ շենքին: Նրանք մեքենայից իջել են: Ինքն առաջարկել է, որ հենց այդտեղ խոսեն:
Նույն երթուղու մեկ ուրիշ վարորդի՝ «Սաքուլիկի» մեքենայով մոտեցել են ևս չորս հոգի, որոնցից ինքը ճանաչել է Վրեժ Պողոսյանին:
Այդ վայրում «Ախպարիկը» բռունցքով անսպասելի հարվածել է իր ձախ աչքին, ինքը հետ-հետ է գնացել, ոտքը դիպել է քարին ու ընկել է:
«Ախպարիկն» ու Վրեժը ոտքերով ու ձեռքերով հարվածել են իր գլխին, դեմքին, մարմնի այլ մասերին:
Ինքը ձեռքերով փակել է դեմքը: Մոտ տասը րոպե իրեն այդպես ծեծել են:
Մի կերպ ազատվելով՝ նետվել է մի կողմ: Հետո նստել է իր «Գազելը», նրանց ասել է. «Լավ եք անում, դե կտեսնեք»: Եվ ուղևորվել է Երևան:
Գնացել է տուն, սառը թրջոցներ է դրել վնասվածքներին: Զանգահարել է իր մանկության ընկեր «Ապեր» մականունով Մախմուդին, ասել է, որ նա ընկերներին վերցնի ու գա, խոսելու բան կա:
Ժամը 15-ին ինքը զանգել է Վրեժին, նրան ու «Ախպարիկին» ժամադրել Ավանում:
Ժամը 19-ն անց 30-ին իրեն զանգել է «Ախպարիկը», ասել, որ տասը րոպեից լինի Ավանում: Ինքն ու եղբորորդին միասին իջել են շենքի բակ, ընկերների հետ գնացել պարզաբանման:
Պայմանավորված տեղում տեսել է «Ախպարիկին», Վրեժին ու ևս երկու հոգու:
Իրավիճակը սկսել է թեժանալ: Ամբոխի մեջ ինքը հետևից բռունցքով մեկ անգամ հարվածել է Վրեժի աջ այտին: Հարվածից Վրեժն ընկել է:
«Ախպարիկն» էլ հետևից հարվածել է իր գլխին: Ինքն ու իր ընկեր Ապերը սկսել են հարվածել «Ախպարիկին»:
Ծեծի ընթացքում «Ախպարիկի» ձեռքից ինչ-որ կլոր մետաղե գունդ է ընկել: Կարծելով, թե դա նռնակ է, ինքը մի կողմ է ցատկել, որ պայթյունից չվնասվի:
Կռիվն այդպես ավարտվել է:
Քանի որ իր շորը պատռվել էր, գնացել է քրոջ տուն, որ շորը փոխի: Հետո հանդիպել է ընկերներին ու իմացել, որ Վրեժը կռվի վայրում իր հարվածից մահացել է, ոստիկաններն եկել են ու տարել Վրեժի դիակը:
Ինքն ու ընկերները զարմացել են, թե ինչպե՞ս կարելի է մի անգամ հարվածել մարդուն, որ նա վայր ընկնի ու մահանա:
Ինքն առաջին հարվածը հասցրել է Վրեժին՝ նրա կողմից իր նկատմամբ լկտի մոտեցում ցուցաբերելու պատճառով, մասնավորապես՝ իրեն հրելու ու «քեզ ինչ որ ասենք, դու պտի խելոք ենթարկվես» ասելու պատճառով:
Դեպքի պահին ինքը խմած չի եղել: Ինքը գիտակցել է, որ ուժեղ ու ամրակազմ է, բայց որ իր մեկ հարվածից կարող է մարդ մահանալ, այդ պահին չի գիտակցել: Խփել է Վրեժի այն տեղին, որը եղել է իր ձեռքի բարձրության վրա: Վրեժի մահը ինքը չի ցանկացել, զղջացել է կատարածի համար:
Վրեժ Պողոսյանի մայրը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ իր որդուն մի քանի հոգի են ծեծել:
Տուժողի իրավահաջորդը հայտնել է, թե որդու պատմածից լսել է, որ այդ «մառշուտկու գծում» նույնիսկ պարբերաբար մոլախաղեր են կազմակերպել՝ «ղումար» են խաղացել: Իր տղան երբեմն փող է ուզել, որ տանուլ տված գումարը վճարի:
Վրեժը նույնիսկ փոքր քրոջն ասել է, որ եթե իրեն մի բան պատահի, նա հոգ տանի ծնողի համար:
Տուժողի իրավահաջորդն ասել է, որ իր իմանալով՝ իր որդին մահացել է «Բոմբ» մականունով անձնավորության ձեռքերում:
Տուժողի մայրն ասել է նաև, որ իր որդին չի ունեցել ո՛չ վարորդական իրավունքի վկայական, ո՛չ անձնագիր և անօրինական հիմքերով է աշխատել որպես երթուղայինի վարորդ:
Իրեն խոսակցություններ են հասել, թե որդուն սպանել են թղթախաղի պարտքի պատճառով:
Տուժողի իրավահաջորդի հիշատակած «Բոմբ» մականունով անձնավորությունը եղել է տվյալ երթուղու դիսպետչերը:
Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ երթուղային տաքսու վարորդ Արսեն Հակոբյանը տառապել ու տառապում է... «էպիլեպսիա՝ անձի բնորոշ փոփոխություններով» հիվանդությամբ:
Նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:
Փորձաքննվողի մոտ հայտնաբերվել են էմոցիոնալ ոլորտի անկայունություն, նյարդայնություն, շուտ բռնկվողականություն, անհանդուրժողականություն, հիշաչարություն, դանդաղաշարժություն...
Փորձաքննվողի մտահորիզոնը եղել է խիստ սահմանափակ: Դեպքի պահին նա գտնվել է շփոթվածության, բարձր տագնապայնության, սթրեսի վիճակում:
Արսեն Հակոբյանը մանկուց երկրորդ կարգի հաշմանդամ է, նա անաշխատունակ է ճանաչվել:
1988 թվականից Արսեն Հակոբյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում՝ էպիլեպսիա ախտորոշմամբ:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վրեժ Պողոսյանի մահը վրա է հասել դեմքին հասցված մեկ ուժգին հարվածի ու գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից:
Արսեն Հակոբյանը դրական է բնութագրվել, նրա խնամքին են մինչև 14 տարեկան երկու երեխաները:
Ընդհանուր իրավասության դատարանը Արսեն Հակոբյանին դատապարտել է 7 տարի ազատազրկման:
Նրա նկատմամբ նշանակվել է հոգեբույժի արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Մարդու մահով ավարտված այս միջվարորդական պարզաբանումը բացել է ուղևորատար տրանսպորտի ոլորոտում առկա ամենաահավոր բացթողումներ:
Ովքե՞ր են սպասարկում մարդկանց, ո՞ւմ են մարդիկ վստահում իրենց, իրենց երեխաների կյանքն ու առողջությունը. մականունավոր վարորդներ, ովքեր կարող են չունենալ վարորդական վկայական, անձնագիր, ովքեր կարող են էպիլեպսիկ լինել ու այլ՝ այդ թվում՝ հոգեկան հիվանդություններով տառապել, լինել սահմանափակ մեղսունակ:
Ահա այսպիսի մակարդակով սպասարկելով բնակչությանը, մարդկանց դնելով ամենօրյա վտանգի մեջ՝ դեռ փորձում են հիմնավորել, թե գլխավոր խնդիրը հիմա ցածր ուղեվարձն է, ուղեվա՛րձը պետք է կրկնակի թանկացվի: Բա ո՜նց:
Մարդիկ վճարել ու վճարում են սպասարկման ահա ա՛յս մակարդակի համար: Միջվարորդական առճակատումներն ամեն օր էլ լինում են հենց ուղևորների աչքի առաջ՝ կանգառում կանգնելու, իրար ճանապարհ կտրելու, մեկ ուղևոր ավելի վերցնելու և այլ պատճառներով: Ի՞նչ է արվել մինչև հիմա: Ոչինչ:
Գոնե նման դեպքերից հետո համալիր ստուգեն՝ ովքե՞ր են պտտում ուղևորատար տրանսպորտի ղեկը, քանի՞ հիվանդ ու անփաստաթուղթ, վարորդ լինելու իրավունք չունեցող վարորդ կա:
Ինչո՞ւ այս բարձիթողի վիճակը պահպանել, մինչև որ ևս մի ողբերգություն կատարվի:
Փողի հետևից ընկած՝ ամեն բան մոռացության են տվել: Ու առաջին հերթին այն, որ ամենամեծ հարստությունը մարդկային կյանքն է, մարդկանց անվտանգությունը: