1in.am-ը գրում է.
Նյու Յորքում օդը վերջին 50 տարվա մեջ ամենամաքուրն է: Այս մասին հայտնել է ամերիկյան խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը նվազել է 69 տոկոսով՝ 2008-ի համեմատ, իսկ ածխի արտանետումները կրճատվել են 23 տոկոսով: Դա տեղի է ունեցել հիմնականում շնորհիվ այն բանի, որ քաղաքային վարչակազմին հաջողվել է համոզել կոմունալ ծառայությունների ջեռուցման համար կիրառել վառելիքի ավելի մաքուր տեսակներ:
Բլումբերգը նաև նշել է, որ օդի մաքրությունը Նյու Յորքում թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել թոքային և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկն ու տարեկան մոտ 800 կյանք փրկել:
Քաղաքապետն արդեն երկար տարիներ անցկացնում է արշավ՝ ուղղված առողջ ապրելակերպին և էկոլոգիայի բարելավմանը: 2011-ին նա արգելք էր սահմանել հասարակական վայրերում ծխելու վրա, իսկ ռեստորանների տերերին արգելել էր սննդի պատրաստման ժամանակ օգտագործել հագեցած ճարպեր: