Երբ դուք կողքիս եք…

 Ես գիտեմ՝ ինչ է նշանակում այդ արտահայտությունը… ես դա գիտեմ, բայց չեմ գնահատում: Ես՝ քսանամյա անչափահասս, քսանամյա երեխաս, կարծես արթնացել եմ: Կարծես սկսում եմ մեծանալ, որովհետև դուրս եմ գալիս դեռահասական  ցնորքից՝ մեծ մարդկանց մեծ տառապանքներ են պետք: Ո՞ւմ եմ ես խաբում, ամեն դեպքում ներկա պահին ես ո՛չ մեծ վիշտ ունեմ, ո՛չ կորուստ, ո՛չ փառք, ո՛չ ճանաչում, ո՛չ սեր, ո՛չ փող, ո՛չ կարգավիճակ: Այս ոչ-երի շարանը կարելի կլիներ անվերջ շարունակել, եթե չլիներ մի միջադեպ, մի խոսակցություն, որը բավականին մեծ տեմպեր հաղորդեց իմ այսպես կոչված ՛՛մեծացմանը՛՛:

  Ինձ ասում են, որ ես իմ ՛՛տեղը չգիտեմ՛՛:  Իրականում  խոցում է, երբ պահի ազդեցության տակ  դիմացինի բերանից թռած արտահայտությունը այդքան դիպուկ բնորոշում է քեզ: ԵՍ ԻՄ ՏԵՂԸ ՉԳԻՏԵՄ. ու այսօր՝ հենց այս պահին ես չեմ ամաչում դրանից: Ես չեմ ամաչում նրանից, որ անում եմ  չսիրածս / մեղմ է ասված / աշխատանքը ու չեմ ամաչում այդ աշխատանքի պատճառով ամաչելուց: Չեմ ամաչում այն անհարմար զգացումից, որը ողողում է ինձ ամեն անգամ, երբ ծանոթ մարդ ինձ համազգեստով է տեսնում: Ես չեմ ամաչում այդ անմեղ ամոթից, ես չեմ ամաչում այն հանգամանքից, որ ինքս եմ անում, ինքնուրույն եմ անում… սովորո՜ւմ եմ չամաչել:
 Հետաքրքիր է… սովորում եմ չամաչել: Ինձ միշտ թվացել է, որ եթե ուզում ես իմանալ ովքեր են քո իրական ընկերները, պետք է ասենք թմրամոլ դառնաս, կամ հայտնվես գաղութում կամ էլ հղիանաս անծանոթ մեկից: Հիմարությո՛ւն… Միշտ ծայրահեղն է մտքովդ անցնում, այսինքն՝ իմ մտքով: Որովհետև չգիտես ինչու՝ իմ էությունն ինձ թույլ չի տալիս  ճակատիս դրոշմել այն փաստը, որ մարդիկ պարզապես ցանկանում են կողքիս լինել, լինել իմ կյանքում, ինձ համար կարևոր, անմիտ, երբեմն անհեթեթ իրադարձություններում: Ու եթե կան այդպիսի մարդիկ, ուրեմն ես իրականում ճիշտ եմ անում, որ սովորում եմ չամաչել… չամաչել երկու օր իրար հետևից նույն զգեստը համալսարանում կրելուց, իմ աշխատանքից, նրանից, որ երգել չգիտեմ ու լսարանում ես չեմ առաջինը պատասխանում հնչած հարցերին… չամաչել նրանից, որ կան ինձնից լավերն ու գեղեցիկները, ինձնից երջանիկներն ու ինձնից դժբախտները, չամաչել նրանից, որ երկրագունդը իմ շուրջը չի՛ պտտվում… ի վերջո սովորում եմ չամաչել ինձնի՜ց, որովետև ամաչել սեփական անձից, նշանակում է դադարել առաջ մղվել: Իսկ ես դեռ չեմ պատրաստվում խաչ քաշել ինձ վրա))) : Ու ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր իմ կողքին են այսօր, ովքեր ինձ սմայլեր են ուղարկում, երբ ես տխուր եմ, ովքեր ծաղրում են իմ սենտիմենտալ ստատուսներն ու հրապարակումները ՝ ծաղրում են հոգատարությամբ, ովքեր բղավում են ինձ վրա, երբ սխալ եմ, ովքեր լաց են լինում ինձ հետ, երբ լաց եմ լինում ես… համոզված եմ, որ այդ նույն մարդիկ ինձ հետ կմնան եթե անգամ իմ բոլոր պլանները գլխիվայր շուռ գան, եթե անգամ ես չդառնամ արտասահմանում կրթություն ստացած մասնագետ, եթե անգամ չդառնամ կարգավիճակ ունեցող կայուն մարդ, եթե անգամ հենց հիմա թողնեմ համալսարանը ու ավտոստոպով գնամ ճանապարհորդության:
 Ու ես սիրում եմ այդ մարդկանց. սիրում եմ, որովհետև հենց նրանք են ինձ սովորեցնում չամաչել… ՉԱՄԱՉԵԼ ԱՄԱՉԵԼՈՒՑ…
 Գիտե՞ք ինչ… ջնջե՛ք ձեր հիշողությունից քիչ վերև շարադրված ամեն մի բառն ու հիշե՛ք, ես հպարտ եմ, որ հե՜նց դուք… հենց դո՛ւք եք իմ կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել