1in.am-ը գրում է.
2010թ.-ից մինչև հիմա պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են միջինը 17 տոկոսով: Ընդ որում սննդամթերքն ամենաշատը թանկացել է մայրաքաղաքում` մոտ 19 տոկոսով, իսկ ամենաքիչ Գյումրիում`11.5 տոկոսով: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության օգոստոսի տվյալները:
Վերջին երեք տարում սննդամթերքից ամենաշատը թանկացել է ձուն` 43.4 տոկոսով: Ընդ որում Երևանում ձուն ավելի արագ է թանկացել, վերջին 3 տարում` 1.5 անգամ (49.9 տոկոս):
Այդ ընթացքում մեկ երրորդով թանկացել է կենդանական ու բուսական յուղը` 32.5 տոկոս, և մի փոքր հետ է մնում կաթնամթերքի թանկացումը` 29.9 տոկոս:
Սուրճը, թեյը և կակաոն 2010թ-ից ի վեր թանկացել են 29.1 տոկոսով: Հաջորդը սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցող սննդամթերքի` հացամթերքի թանկացումն է` 25.2 տոկոս, իսկ մսամթերքը 3 տարում թանկացել է 24.5 տոկոսով:
Սննդամթերքից վերջին 3 տարում էժանացել են միայն միրգը`3.4 տոկոսով և բանջարեղենն ու կարտոֆիլը` 25.3 տոկոսով: