Pastinfo.am-ը գրում է.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

Վարույթի ընթացքում հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, ինչպես գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի եւ դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայությունը, ինչպես նաեւ ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը եւ լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը»

Հիշեցնենք, հուլիսի 26-ին, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր հանձնաժողովին՝ պահանջելով պարզել, թե ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելիս Երևանի քաղաքապետը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում, ինչպես նաև` ներդրումները կառավարելիս քաղաքապետի կողմից չե՞ն օգտագործվել արդյոք պաշտոնեական դիրքն ու լիազորությունները։

Շուրջ 2 ամիս շարունակ հիշյալ խնդիրն ուսումնասիրելուց հետո հանձնաժողովն այսօր վերջապես վարույթ հարուցելու որոշում է կայացրել: Նշենք, որ Հանձնաժողովը նաև առաջարկել է Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին որոշումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ իր առարկությունները եւ բացատրությունները:

Ի դեպ, օրենքով Հանձնաժողովի վարույթն ավարտելու համար 1 ամսյա ժամկետ է տրվում:

Իսկ Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի համաձայն, «եթե ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցակազմի հատկանիշներ, ապա հանձնաժողովը բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել