ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների ամերիկյան ազգային բացառիկության վերաբերյալ հանրության աչքի առջև ծավալվող հեռակա բանավեճը շարունակվում է` Նախագահ Բարաք Օբաման վերահաստատեց այդ բացառիկության` իր կողմից առաջ քաշված թեզը նաև սեպտեմբերի 24-ին` ՄԱԿ-ի ամբիոնից: Բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ներ Օբամայի ելույթում այդ թեզին կրկին անդրադառնալու հանգամանքը սկսեցին հրճվանքով պայմանավորել Վլադիմիր Պուտինի կողմից` ազգային բացառիկության գաղափարի հիմնազուրկ և վտանգավոր լինելու վերաբերյալ հնչեցված փաստարկների անառարկելի և ճշմարիտ լինելու հանգամանքով, որը, “տարօրինակաբար”, ամերիկյան առաջնորդին խելքի բերելու փոխարեն, ստիպեց վերջինիս կրկին պնդել նախկինում ասվածը` դրան հավելելով որոշ պարզաբանումներ:

Այսպիսով, նախ` ԱՄՆ նախագահն է փորձում ամերիկյան ժողովրդի մտածողության մեջ ամրագրել սեփական բացառիկության մասին թեզը, ապա` իր ռուսաստանցի գործընկերն է հայտարարում, որ ազգային բացառիկության գաղափարը հիմնազուրկ և վտանգավոր է, քանի որ Աստված բոլորին հավասար է ստեղծել, իսկ դրան էլ հաջորդում է Բարաք Օբամայի ելույթը, որում նա վերահաստատում է իր` ամերիկյան ազգի բացառիկ լինելու վերաբերյալ պնդումը և այդ բացառիկությունը պայմանավորում նրանով, որ ԱՄՆ իր գործողություններում առաջնորդվում է ոչ թե միայն բացառապես սեփական, այլ` ընդհանուր, համամարդկային շահերով: Շարքային քաղաքացուն այս բանավեճը դատարկաբանություն կարող է թվալ, սակայն, իրականում, վերը բերված գաղափարախոսական բանաձևումները էական քաղաքական ենթատեքստ ունեն: ԱՄՆ-ի համար ազգային բացառիկության գաղափարն այն հենքն է, որի վրա պետք է հիմնված լինի աշխարհում գերակա դիրք ունենալու և այն պահպանելու անհրաժեշտության արդարացված համոզմունքը: Այսինքն` շարքային ամերիկացին պետք է վստահ լինի, որ ԱՄՆ-ի և իր քաղաքացիների բարեկեցությունը պայմանավորված է նրանով, որ պետությունը վարում է արդարացի և բոլոր ազգերի շահերն ապահովող քաղաքականություն:

Նախագահ Պուտինն ասում է, որ Աստված մարդկանց հավասար է ստեղծել և ակնարկում, որ ազգային բացառիկության գաղափարն է պատճառ դարձել բազմաթիվ համամարդկային աղետների` այդ թվում նաև երկրորդ Համաշխարհային պատերազմի համար: Այս բանավեճի նրբություններն ավելի լավ տեսնելու համար արժե նշել, որ, ի տարբերություն հիտլերյան Գերմանիայի, ամերիկացիներն այսօր ոչ թե ձգտում են իրենց համար նոր` աշխարհում գերակա դիրք ձեռք բերել, այլ փորձում են արդարացնել իրենց կողմից արդեն իսկ ունեցած այդ դիրքը պահպանելու ցանկությունն ու նպատակը:

Իմաստ ունի որոշ առումով պարզաբանել նաև Վլադիմիր Պուտինի ասածն այն մասին, որ Աստված մարդկանց հավասար է ստեղծել` իրականում մարդիկ հավասար են միայն մեկ հանգրվանում – բոլորն էլ մահկանացու են, մինչդեռ նրանց միջև բնական անհավասարությունն ի հայտ է գալիս և զարգանում սաղմնավորման պահից մինչև մահ: Հազարամյակներ շարունակ մարդկությունն այդ բնական անհավասարությունն ամրագրել է օրենսդրական մակարդակում և միայն ժամանակակից ժողովրդավարության երկրներում է, որ ներմուծվել է քաղաքացիների օրենքի առջև հավասարության մասին թեզը, որը կոչված է հնարավորինս մեղմել մարդկանց անհատական տարբերություններից բխող բնական անհավասարության հանգամանքը: Վերադառնալով վերոհիշյալ բանավեճին, կարելի է ասել, որ այն համաշխարհային տիրապետության համար ապագա բախման լուրջ նախանշաններ է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել