1in.am-ը գրում է.
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը գնահատել է որպես ուժեղ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին դեսպանը լրագրողներին հայտարարել է Բաթումում:
«Իմ ուշադրությունն է գրավել երկու հանգամանք: Առաջին հերթին՝ նախագահի զայրույթը՝ կապված վարչական սահմանամերձ գոտում սահմաններ անցկացնելու ընթացիկ գործընթացի հետ: Ես ինքս բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Երեկ ես նույնպես նշել եմ, որ մենք զայրույթով ենք հետևում ընթացիկ իրադարձություններին: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ միջազգային հանրությունը վճռականորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ իր ուշադրությունը գրավել է նաև այն կարևոր հանգամանքը, որ Սաակաշվիլին իր ելույթի վերջում անդրադարձել է այն սխալներին, որոնք թույլ է տվել իր իշխանությունը:
«Նա ստանձնել է թույլ տված սխալների պատասխանատվությունը, ափսոսանք է հայտնել, որ իր կառավարության սխալի պատճառով հնարավոր է՝ տուժել է ինչ-որ մեկը»,- ասել է Նորլանդը: