1in.am-ը գրում է.
Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը ստորագրած երկրների թիվը հասել է 107-ի: Միանգամից 17 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Պերուն, Հոնդուրասը, Զամբիան, Մակեդոնիան, Սյերա-Լեոնեն և Հարավաֆրիկյան Հանրապետությունը չորեքշաբթի ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, մինչ այդ համանման քայլի էին դիմել նաև Անգոլան, Գանան, Կոլումբիան, Մոնղոլիան և Ֆիլիպինները:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է այս կարևոր փաստաթղթի տակ ստորագրած յուրաքանչյուր նոր երկրին»,- լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Նա առանձին նշել է, որ երկրների թվում, որոնք պատրաստ են զենքի առևտրի հանդեպ գլոբալ վերահսկողություն սահմանել, հայտնվել է ԱՄՆ-ը՝ աշխարհում զենքի ամենախոշոր արտահանողը:
Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավատում է, որ ԱՄՆ-ի կողմից պայմանագրի ստորագրումը կնպաստի անվտանգության ամրապնդման և բոլոր մայրցամաքների բնակիչների տանջանքները թեթևացնելու ջանքերին: Նեսիրկին նշել է, որ Պան Գի Մունը կոչ է անում հետևել այդ օրինակին:
Նշենք, որ Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը ՄԱԿ ԳԱ-ն ընդունել է ապրիլի 3-ին: Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրան անդամակցի 50 պետություն: Այսօրվա դրությամբ այդ երկրների թիվը հասնում է 8-ի: