Lragir.am-ը գրում է.

Thomson Reuters-ի փորձագետները կազմել են 2013թ Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը: Կանխատեսումն արվում է գիտական գրականությունում ցիտման եւ աշխատանքների քանակով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն ոլորտները, որոնց կարող է հավանություն տալ Նոբելյան հանձնաժողովը:

Քիմիայի ոլորտում գլխավոր հավակնորդներ են համարվում ռուսաստանցի Վալերի Ֆոկինը, ամերիկացի Բրյուս Էյմսը, ինչպես նաեւ Փոլ Ալիվիսատոսը, Չադ Միրկինը եւ Նադրիան Զիմանը: Ֆոկինը հայտնի է առանց վնասակար նյութերի արտազատման շատ արագ նոր նյութեր սինթեզելու գյուտով: Էյմսը տարբեր նյութերի թունավոր ու մուտածին լինելը ստուգող տեստ է ստեղծել, իսկ վերջին երեքը նանոկենսատեխնոլոգիական մեթոդն են գտել, որը թույլ է տալիս ԴՆԹ մոլեկուլներից տարբեր կառուցվածքներ ստանալ:  

Ֆիզիկայի ոլորտում հավակնորդները բրիտանացի Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերն են, որոնց աշխատանքները կանխատեսել են Հիգսի բոզոն մասնիկի առկայությունը՝ մասնիկներ, որոնք պատասխանատու են տարրական մասնիկների զանգվածի համար:

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ կարող է ստանալ գիտնականների խումբը, ովքեր բացահայտել են աուտոֆագիան՝ սեփական մասերի «ինքնախժռումը» բջջի կողմից, ինչպես նաեւ մոլոկելուլյար կենսաբանության մասնագետները, ովքեր ուսումնասիրել են ԴՆԹ մեթիլացումը, որն ազդում է գեների աշխատանքի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել