Panorama.am-ը գրում է.
Հակաբեղմնավորման համաշխարհային օրվան նվիրված Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր ներկայացրեց վերջին հետազոտության տվյալները, որը, ճիշտ է, արվել է 2010թ-ին, սակայն այլ տարիների նմանատիպ հետազոտությունների համեմատությամբ ցույց է տալիս դրական դինամիկան: Այդպես, պարզվել է, որ հարցվածներից 98 տոկոսը տեղյակ է ժամանակակից որևէ հակաբեղմնավորիչի մասին` և կանայք, և տղամարդիկ:
Բայց չնայած այդ բարձր ցուցանիշին, հարցման պահին հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործել հարցվածների միայն 58 տոկոսը, որից 27 տոկոսը օգտագործել է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ` ներարգանդային պարույր (շուրջ 10 տոկոսը), պահպանակ (15 տոկոսը), հորմոնային միջոցներ (2 տոկոս). «Հորմոնային միջոցները մեծ տարածում ունեն աշխարհում, սակայն Հայաստանում հորմոնային միջոցների նկատմամբ ինչ-որ վախի զգացողություն կա, որից էլ ելնելով մեր կանայք խուսափում են հորմոնային միջոցներ օգտագործել: Չնայած այդ վախերը հիմնավորված չեն, քանի որ ներկայիս ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները ազդում են միայն ռեցեպտորների մակարդակով և չեն կարող անցանկալի հետևանքների բերել` կողմնակի ազդեցությունների իմաստով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տիկին Ավագյանը` հավելելով, որ հայ կանայք, այդուհանդերձ, չեն նախընտրում այդ մեթոդը:
Ամենից շատ մեր կանայք դիմում են ավադական մեթոդներին` ընդհատված սեռական հարաբերություն և պտղաբերության օրերի հաշվարկ: Բայց վերջին տասնամյակում, նշեց պաշտոնյան, ուրախալի դինամիկա միևնույն է արձանագրել ենք. «Ուրախալին այն է, որ 2000թ-ին ժամանակակից հակաբեղմնավորիչներ են օգտագործել կանանց 20-22 տոկոսը, 2005թ-ին` 20 տոկոսը, 2010-ին` 27 տոկոսը: Տեսանելի է, որ առաջընթաց կա, սակայն այդ առաջընթացը շատ մեծ չէ, մինչդեռ անցանկալի հղիությունից խուսափելու և աբորտի չդիմելու կարևոր նախապայման է հակաբեղմնավորիչ միջոցների գրագետ օգտագործումը, որը պահպանում է կնոջ վերարտադրողական առողջությունը»,-ընդգծեց ԱՆ ներկայացուցիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ