Ազատ մրցակցություն. տնտեսագիտական մոդել, երբ գնորդն ու վաճառողը չեն կարող ազդել գնի վրա, սակայն կարող են ձևավորել այն առաջարկի և պահանջարկի միջոցով:
Երբ կա մրցակցություն, տնտեսությունը կարող է միայն շահել, քանի որ դրա հետևանքով գները նվազում են, և հաղթում է ավելի բարձր որակով ապրանք կամ ծառայություն մատուցող ընկերությունը: Հայաստանի դեպքում վառ օրինակ է հանդիսանում բջջային կապի շուկան. երբ շուկան մոնոպոլ էր, հեռախոսահամարների համար քաղաքացին վճարում էր աստղաբաշխական գումար, ինչպես նաև` 200-250 դրամ/րոպե սակագին: Սակայն, երբ շուկա մուտք գործեցին այլ ընկերություններ, վիճակը կտրուկ փոխվեց. հեռախոսահամարները դարձան մատչելի բոլորի համար, կապի որակը անհամեմատ լավացավ, իսկ րոպեի դիմաց սակագինը նվազում է մինչ օրս:
Այսպիսի զարգացում կլինի տնտեսության ցանկացած ճյուղում, եթե լինի ազատ մրցակցություն:
Արդարության համար պետք է նշել, որ որոշ ոլորտներում այս տենդենցը նկատվում է, ինչը ուրախացնող հանգամանք է: Օրինակ` կաթնամթերքի, մսամթերքի, ինտերնետ կապի շուկաներում այս երևույթն ակներև է: Ակներև է նաև այդ շուկաներում որակի բարձրացումը և գների` գոնե ոչ անիմաստ թանկացումը, որոշ դեպքերում նաև գների անկումը:
Չի կարող զարգանալ տնտեսությունը, երբ մոնոպոլացումից չեն ազատվում տնտեսության համար կարևոր բազմաթիվ ճյուղեր: Անհրաժեշտ է օրենքի կիրառումը ցույց տալ սկսնակ գործարարներին, որպեսզի նրանք համոզված լինեն, որ իրենց թիկունքին կանգնած է օրենքը, որը բարձր է ցանկացած օլիգարխից, պաշտոնյայից և ծանոթ-բարեկամից: Մարդիկ վախենում են նոր գործ սկսել, քանի որ պետք է վարկ վերցնեն` բավականին ծանր պայմաններով, հարկային դաշտ մտնեն` կրկին ծանր պայմաններով, և հավանական է, որ իրենց գործունեության ժանանակ կհանդիպեն այնպիսի խոչընդոտների, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն օրենքով հովանավորված լինելու դեպքում: Չէ՞ որ ոչ բոլորն ունեն «տանիք», լավ քավոր կամ պաշտոնյա բարեկամներ: Նրանց միակ տանիքը օրենքն է, որը պետք է իրական կյանքում կարգավորի ազատ տնտեսական մրցակցությունը, այլ ոչ թե մնա թղթի վրա գրված:
Հ.Գ. Երբ ես վստահ լինեմ, որ օրենքն ինձ պաշտպանում է նման արգելքներից, կմտածեմ հայրենի հողում փոքր բիզնես հիմնելու մասին: Եվ այդպես կվարվեն մեր հայրենակիցներից շատերը, ինչը որոշակի չափով կաշխուժացնի մեր տնտեսությունը:
Աղբյուրը
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=634629136559029&set=a.185286031493344.39512.100000358443385&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել