Tert.am-ը գրում է.
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը տեղին է համարում թուրք վերլուծաբանների անհանգստությունը, որ հնարավոր է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գույքը վերադարձնելու գործընթաց սկսվի, որի բոլոր իրավական հիմքերը կան։
«Թուրք վերլուծաբանների մտահոգությունը տեղին է, եթե մենք աշխատենք այդ վկայականներն ու փաստաթղթերը հավաքենք, մեկտեղենք ու ներկայացնենք փաթեթով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում են ավելի ընդհանրական, ժամանակն է իջնել և ռեալ քայլերով աջակցել ցեղասպանության ճանաչմանը։
Արա Պապյանն ընդգծեց, որ սեփականության հետ վերադարձման գործընթացը կարող է կատարվել երկու մակարդակում՝ անհատական և համայնքային։ Անհատական, երբ Արևմտյան Հայաստանի ժառանգներն ունեն իրենց պապերից փոխանցված վկայականներ, իսկ համայնքայինը, օրինակ՝ հայկական եկեղեցիների ու բազմաթիվ ազգային կառույցների գույքի սեփականությունը։
«Անհատների սեփականության վկայականները քիչ են պահպանված, բայց կան նաև թուրքական արխիվներում բավական պահպանված փաստաթղթեր, որոնք ուժի մեջ են։ Ժամանակին ցեղասպանություն իրականացնելիս դա ի պահ է տրվել պետությանը և պարբերաբար որոշումներ են կայացրել դրանց վավերացման համար։ Այսօր հայերը հետևելով հրեաների օրինակին ներկայացնելով սեփականության վկայականները՝ իրավական դաշտում կարող են փոխհատուցում ստանալ»,- հայտարարեց նա։
Արա Պապյանի կարծիքով, այդ գործընթացը որոշ ժամանակ կպահանջի, քանի որ երկու փուլ պետք է անցնի՝ առաջին փուլում Թուրքիայի տարածքում սպառելով ներպետական դատական գործընթացը անցնել երկրորդ փուլին՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, որ Ազգային մակարդակով խրախուսելի է երկու Վեհափառների համատեղ հայտարարությունը, մինչդեռ ցավալի է, որ հետևողական աշխատանք առ այսօր չի իրականացվել։
Իրավաբանի առաջարկն է առաջին փուլում գրասենյակ բացել և անհատական մակարդակով հավաքագրում սկսել։ «Հետո մարդկանց գործուղեն աշխարհի տարբեր երկրներ, առաջին փուլը՝ մեկտեղում, վերլուծում, դասակարգում, և դրանցից առանձնացնեն այն միավորները, որոնց հաղթանակի հավանականությունը շատ ավելին է»,- ասաց նա։
Ավելին՝ ըստ Արա Պապյանի, այս գործընթաց սկսելը նույն իրավական գրասենյակների համար կարող են շահութաբեր լինել, ինչպես Իսրայելի դեպքում է։ «Այսինքն՝ մի մասը գրասենյակին, մի մասը սեփականատիրոջը և մի մասը պետությանը, ինչպես Իսրայելի դեպքում է։ Սա լավ փող աշխատելու միջոց է, մեծ գումարներ են, ինչպիսիք Հայաստանը ոչ մի անգամ չի տեսել»,- ասաց նա։
Ավելին, ըստ Արա Պապյանի, այսօր արդեն իսկ նման գործընթացներ գնում են և հաղթանակներ գրանցում։ «Մոտ 1000 միավորից ավելի հետ է վերադարձվել հայ սեփականատերերի ժառանգներին, հիմնականում Ֆրանսիայի կողմից, բայց Ստամբուլի շրջանում, իսկ Արևմտյան Հայաստանի տարածքում, որը Թուրքիայի արևելյան տարածքն է, խրթին է, վախը կա»,- ասաց նա։
Հարցին, թե կարող է նման պահանջը հիմք դառնալ ոչնչացնելու այդ փաստաթղթային արխիվը, Արա Պապյանը նշեց, թե, ըստ էության, ամեն ինչը արդեն իսկ քանդված է։ «Բայց, ի վերջո, այդ փաստաթղթերը կան, օրինակ՝ Կիլիկիո կաթողիկոսությունը Ադանայի կենտրոնում ունեցել է 30 000 քմ խանութ, այդ տարածքը կա, հիմա ավելի լավ չէ՞, հանգանակություն չմուրան, կարող են վերականգնել։ Եկեղեցապատկան փաստաթղթերը հիմա գտնվում են Երուսաղեմում, ուղղակի չեն ուսումնասիրվել»,- ասաց նա։
Պոլսահայ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը սեփական օրինակով է ասում, որ անհատական գործը շահել դժվար է, քանի որ Թուրքիան հեռու է իրավական պետություն լինելուց, բայց նկատում է, որ դա հնարավոր է հենց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ