
Հայ բլոգերը ձերբակալվել է 15 օրով: Ըստ հրապարակումների՝ այդ ընթացքում էլ ձերբակալվածին ցանկանում են հանձնել այլ պետության: Շաբաթ օրը «Հրապարակը» զրուցել էր հայազգի բլոգերի ընկերուհու` Ռոզա Բաղդասարյանի հետ: Վերջինս ասել էր, որ Լապշինն ապատեղեկատվություն է տարածել, ինչը կարող է Բելառուսի իշխանությունների զայրույթը հարուցել, եւ արդյունքում հայ բլոգերը կհայտնվի ճաղերի ետեւում: Նա մասնավորապես ասել էր. «Նրան ոչ ոք չի պատրաստվում հանձնել Ադրբեջանին: Լապշինը թուրքի ասածներն է կրկնում, չգիտեմ՝ ով է նման բան ասել, Բելառուսից վառվածներն էլ կրկնում են, ուղղակի ուզում են Բելառուսի դեմ խոսել: Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ այս ստերի ետեւում հայ է կանգնած: Ուղղակի խնդիրն այն է, որ այս ամենից հետո ձերբակալված բլոգերի վրա կարող են նոր գործ սարքել: Քանի որ թուրքերը գիտեն, որ նա բանտարկված է, իրենց ձեռքերը կարող են երկարացնել: Բայց դեռ ոչ մի նորություն չկա, եթե լինի նոր բան, փաստաբանը կտեղեկացնի մեզ: Եթե Լուկաշենկոյի ականջին հասնի, թե հայերն ինչեր են խոսում, հայ բլոգերի համար վատ կլինի»: Մենք երեկ կրկին կապվեցինք Ռոզա Բաղդասարյանի հետ:
- 4 օր է անցել Բելլա Բաբախանյանի ձերբակալությունից: Կա՞ նորություն: Որտե՞ղ է հայ բլոգերը:
- Դեռ նորություն չկա, այսօր փաստաբանը գնացել է տեսակցության, ուզում են ինչ-որ բաներ գտնել իմ ընկերուհու դեմ, բայց ոչինչ չեն կարողանում: Լապշինը սխալ ինֆորմացիա է տարածել, ինչից հետո հայերն անպատիվ բաներ են սկսել գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, այդ ամենը հասել է Բելառուսի իշխանությունների ականջին:
- Այդ ամենն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել գործի վրա:
- Թեպետ չեն նեղացնում նրան, բայց փաստաբանն ասում է, որ ինչ-որ մի բան ուզում են գտնել: Բայց գործ չեն բացել:
- Նշում եք, որ Լապշինը ստում է, իսկ որտեղի՞ց եւ ի՞նչ նպատակով են նման խոսակցություններ տարածվել, որ հայ բլոգերին ցանկանում են հանձնել Ադրբեջանին:
- Ավելի վաղ ադրբեջանցիները գրառումներ են արել, որ հայ բլոգերին ձերբակալել են Բելառուսում եւ ցանկանում են Ադրբեջան ուղարկել: Դա եղել է լրիվ սուտ, դեռ փետրվարի սկզբին: Այդ ամենը տարածում են ադրբեջանցիները:
- Քանի՞ տարի է հայ բլոգերն ապրում Բելառուսում:
- Վաղուց է, սակայն Բելառուսի քաղաքացի չէ: Նա ՀՀ քաղաքացի է:
- Այդ դեպքում Հայաստանն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում:
- Քանի դեռ քրեական գործ չկա, Հայաստանը ոչինչ չի կարող անել, տեսնենք, թե առաջիկայում ինչ կարող է տեղի ունենալ: Բելառուսում Հայաստանի դեսպանություն չկա: Ի դեպ` նա երկու երեխա ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել