Panorama.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունը մշակում է ծրագիր, որով պետական ծառայողների համար հասանելի կլինի բնակարանների ձեռքբերումը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «2014 թ-ից պետական ծառայողների համար ուզում ենք հասանելի դարձնել բնակարանները, որպեսզի նրանք ի վիճակի լինեն հիփոթեքային վարկերով ձեռք բերեն բնակարաններ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով` այսօր թիվ մեկ խոչընդոտը կայանում է նրանում, որ հիփոթեքային պայմաններով բնակարան ձեռբ բերելու համար պահանջվում է կանխավճար, մինչդեռ շատ հաճախ պետական ծառայողները չունեն այդքան գումար: «Մենք պատրաստ ենք պետական ծառայողներին տրամադրել 30%-ի չափով պետական երաշխիք, որպեսզի բանկերը նրանցից չպահանջեն 30%-անոց կանխավճար»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն` դա կարող է ավելացնել բնակարանների պահանջարկը:
Բացի այդ, ըստ վարչապետի, կկազմեն պետական ծառայողների ցուցակներ, որպեսզի հասկանան, թե ովքեր ցանկություն ունեն այսպիսի հիփոթեքային վարկ ստանան: Մասնավորապես, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն էլ մշակելու է նոր բնակարանային ֆոնդի կառուցման ծրագիրը` ըստ պետական ծառայողների ներկայացրած պահանջարկի:
Տ. Սարգսյանը նշեց նաև, որ դիմելու են Երևանի քաղաքապետարանին, որպեսզի քաղաքում հարմար տարածքներ տրամադրեն կառուցապատման համար: Դա հնարավորություն կտա ավելի ցածր գներով կառուցապատում իրականացնել Երևանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ