Emedia.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 25-ին վերջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ ԳԱ–ում։
Իր ելույթում Սահակաշվիլին անդրադարձել է նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին՝ Եվրասիական միությանն ու ԵՄ հետ ասոցացմանը։ Նա նշել է, որ Ռուսաստանին ուժեղ Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա կամ Ադրբեջան պետք չէ։
«Դուք մտածում եք, Պուտինը ցանկանում է, որ Հայաստանը հաղթի՞ Ադրբեջանին։ Ոչ։ Դա Հայաստանը կդարձներ չափից ավել ուժեղ ու հեռանկարում ավելի անկախ։ Կամ դուք մտածում եք, որ Մոսկվան հակառա՞կն է ուզում, որպեսզի Բաքուն հաղթի՞ Երևանին։ Ոչ, նրանք չեն ուզում որևէ մեկի հաղթանակը, հենց հակամարտությունն է իրենց նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ ու կանխում ԵՄ հետ ինտեգրման գործընթացները», – նշել է նա։
Անդրադառնալով Եվրասիական միությանը, նա նշել է, որ գաղափարը ձևակերպվել է Վլադիմիր Պուտինի կողմից որպես ԵՄ այլընտրանք, ու կառուցվում է ԵՄ ճիշտ հակառակ սկզբունքների վրա։
«Այն սնվում է անհանդուրժողականությամբ, նրա գլխում կանգնած են ԿԳԲ նախկին ագենտուրան, նպատակն էլ հին կայսրության վերականգնումն է։ Եվրասիական միությանը միանալը հեշտ է՝ չկան որևէ սոցիալական, քաղաքական ու տնտեսական նախապայմաններ։ Միակ պահանջը պասիվությունն ու միջակությունն է», – նշել է նա։