Lragir.am-ը գրում է.
Ռուսական Lenta.ru պարբերականը սեպտեմբերի 25-ի հրապարակմամբ անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին, հարց տալով, թե արդյոք թույլ կտան Ղարաբաղին գործարկել օդանավակայանը: Հրապարակման մեջ ներկայացվում է օդանավակայանի պատմությունը՝ մինչեւ վերակառուցում, նաեւ Ադրբեջանի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի ու Արցախի իշխանությունների դիրքորոշումը օդանավակայանի կապակցությամբ:
Ստեփանակերտի օդանավակայանին ռուսական լրատվամիջոցի անդրադարձը հետաքրքրական է, հատկապես նկատի ունենալով, որ այն հրապարակվում է Սոչիում ՀԱՊԿ Խորհրդի նիստից հետո: Բանն այն է, որ այդ Խորհրդի նիստի օրակարգային կարեւոր հարցերից մեկը եղել է միասնական ՀԱՊԿ ավիացիոն ուժի ստեղծումը: Թե հատկապես ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել ՀԱՊԿ անդամներn այդ կապակցությամբ, առայժմ այդքան էլ պարզ չէ:
ՀԱՊԿ միասնական ավիացիոն ուժերի ստեղծման դեպքում Ստեփանակերտի օդանավակայանն այդ միավորման համար դառնում է կարեւորագույն ռազմավարական նշանակության օբյեկտ: Բանն այն է, որ այդ ուժերն առնվազն Կովկասի եւ մերձակա տարածաշրջանի առումով լիարժեք գործելու հեռանկար կունենան միայն Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու հնարավորության դեպքում:
Մյուս կողմից, օդանավակայանն այդ ուժերի համար կարող է լինել առիթ կամ հնարավորություն տարածաշրջանում ՀԱՊԿ, ինչը նույնն է Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդլայնելու եւ այն արցախյան գոտում տարածելու առումով:
Այդ իմաստով, ՀԱՊԿ շրջանակում ավիացիոն ուժերի գաղափարի գեներացիային զուգահեռ երեւի թե պետք է սպասել նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրի գեներացիա:
Միեւնույն ժամանակ, հավանական է, որ Ռուսաստանը պարզապես փորձում է խնդիրն օգտագործել Ադրբեջանի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար: Ադրբեջանում նախընտրական շրջան է, եւ Ստեփանակերտի օդանավակայանի թեմայի արծարծումը ռուսական մամուլում չի կարող անտարբեր թողնել Բաքվին: Բնական է, որ Բաքուն կփորձի տարբեր խողովակներով Մոսկվայից հարցնել կամ գոնե հասկանալ, թե ինչ է Կրեմլի ուզածը:
Ընդ որում հետաքրքրական է, որ այս օրերին Հայաստանում էր նաեւ Թալիշական շարժման առաջնորդ, 1993 թ․ Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան (հանրությանն առավել հայտնի գնդապետ Հումմաթով անունով):
Անկասկած է, որ այդ հանգամանքը Ադրբեջանի համար նյարդայնացնող է լինելու, եթե անգամ Բաքուն չարտահայտվի այդ կապակցությամբ եւ փորձի ցույց տալ լիակատար հանգստություն եւ անտարբերություն: Հետաքրքրական է, թե արդյո՞ք սա հայաստանյան նախաձեռնություն է՝ առնվազն նյարդայնացնել առանց այդ էլ նախընտրական նյարդերի վրա նստած Ալիեւին, թե գաղափարը պատկանում է Մոսկվային, որը մի ձեռքով Ադրբեջանի հետ ռազմավարական բիզնեսի մեջ լինելով, մյուս ձեռքով փորձում է Բաքվին պահել լարված վիճակում եւ չտալ թուլանալու հնարավորություն: