1in.am-ը գրում է.
Շաբաթը երկու անգամ կանոնավոր գործող Բեյրութ-Երևան չվերթներով սիրիահայերի նոր հոսք է սկսվել դեպի Հայաստան:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շաբաթական երկու չվերթի յուրաքանչյուր 144 տեղանոց ինքնաթիռի մոտ 40-50 տոկոսը սիրիահայեր են: «Այսինքն ամեն շաբաթ 120-150 մարդ է գալիս: Ճիշտ է, այն հոսքը չէ, որը կար անցած տարի, բայց էլի գալիս են: Հիմա մենք Հայաստանում 10 հազարից ավել սիրիահայ ունենք»,- ասաց նա:
Նշենք, սակայն, որ Հայաստան եկողներն այն սիրիահայերն են, ովքեր մինչ ցամաքային և օդային ճանապարհների փակվելը կարողացել են անցնել Լիբանան: Ներկայումս միայն հատուկենտ սիրիահայերի է հաջողվում անցնել Լիբանան և այդ ճանապարհով գալ Հայաստան:
Ֆիրդուս Զաքարյանը վստահեցրեց, որ իրենք լուծում են սիրիահայերի կացության հետ կապված հարցերը, և ոչ մի խնդիր չի առաջանա հոսքի ավելացման դեպքում: «Նրանք գալիս են այստեղ, հիմնականում վարձով են ապրում, բայց մնացած` առողջապահական, կրթության, անձնագրային, վիզաների հարցերն անվճար են: Ոչ մի խնդիր չի առաջանում»:
Զաքարյանի խոսքերով, այնուամենայնիվ, այս պահին Սիրիայում են շարունակում մնալ մոտ 50 հազար հայեր, որոնցից 35 հազարը` Հալեպում, 15 հազարը` մնացած բնակավայրերում: