Էն ինչ կարդում եմ հիմա ուղղակի անկաելի է ոչ միայն չարձագանքելը, որով պայմանավորված էլ գրում եմ այս տողերը, այլև կարելի է ասել աններելի հանցանք կլինի չմեջբերելը ամբողջությամբ: Հետևաբար նախ վայելենք այս հոդվածիս շարժառիթ նյութը ամբողջությամբ:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական շոուբիսնեսի ամենաքննարվող դեմքերից մեկը երգչուհի Նանան է: Պատճառը նրա հարսանյաց զգեստով նոր ֆոտոշարքն էր, ինչը խոսակցությունների մեծալիք բարձրացրեց: Երգչուհին էլ, օգտվելով առիթից, ոչ մի մեկնաբանություն չտվեց երկար ժամանակ մնալով քննարկումների կիզակետում: Esem.am-ի հետ զրույցում Նանայի մենեջերը` Պողոս Ամիրխանյանը, պարզաբանեց երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները: «Իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ ոչ թե իր հարսանիքի ժամանակ են արվել, այլ ամսագրերից մեկի համար, որի հերթական համարի շապիկին նա էր,- ասաց Պողոսը` հավելելով, որ երգչուհին դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքներով: -Առաջիկայում նոր երգերի ձայնագրություններով, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով է զբաղված: Ցանկություն ունենք նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը ժամանակի սղության պատճառով չենք կարողանում իրականացնել»:Նանայի հարսանիքի մասին նյութերի մեկնաբանությունների հատվածում ծավալվել էր խոսակցություն, ըստ որի, Նանան նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի: Այս մասին ևս խոսեցինք Պողոսի հետ, ով ծիծաղելով ասաց. «Երևի կա մեկը, ով Նանայից լավ գիտի նրա ապրած կյանքը: Նման բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը. Նանան երբևէ ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխա ունի»:
Թեև երգչուհու մենեջերը փորձեց հերքել այն փաստը, որ այժմ երգչուհու սիրտը զբաղված է, վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Անձնական կյանքումս ամեն բան կարգին է. առաջ Աստված, շուտով կամուսնանամ»:Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` Նանայի ընտրյալը ամերիկաբնակ հայ գործարար է, ամուսնությունից հետո երգչուհին նույնպես պատրաստվում է հաստատվել ԱՄՆ-ում»:
Հասկացաք խոսքը հայ ռաբիզի Մոնտսերատ Կաբալիե երգչուհի Նանայի մասին է իր համաշխարհային մեծության մենեջեր Պողոս Ամրիխանյանի մեկնաբանությամբ, ով ղեկավարում է «OVS» համաշխարհային ճանաչվածություն ունեցող ամսագիրը և կարող է մարտահրավեր նետել նույնիսկ ոլորտի դասականներին որպես ճաշակ թելադրող լրատվամիջոց -ու միթե մենք հայաստանցի գեղականներս այսքան ուշացել ենք ու չենք իմացել օլիմպոսյան այս երկու տիտանների մասին-: Հիմա ինչ է պարզվում: Ժամանակ առաջ հայտնվում է Նանայի լուսանկարները հարսանեկան շորով և մեր օնլայն տիրույթում, հատկապես ֆեյսբուքում ու մյուս սոց ցանցերում սկսում են քննարկել նրա ամուսնությունը ախչի բա չեք իմացել երգչիստուհի Նանան ամուսանցել է. ախչի ինչ ես խոսում բախտատերը թաղեմ, ոնց հասցրեց տեսնես էդ ում է կպցրել» տիպիկ հայաստանյան տրամաբանությամբ; Հետո հայտնվում է էն էլ որտեղից որտեղ Պողոս Ամրիխանյան անունով մի համաշխարհային այլ մեծություն և պարզաբանումներ է տալիս Նանայի անձնական և մեղա մեղա Աստված թող մեղք չհամարի` ստեղծագործական կյանքի վերաբերյալ: Ու ըստ նրա Նանան ակտիվ ստեղծագործում է ..... ասենք օրինակ երգացանկի թարմացման համար հանրապետությունում քյաբաբնոցների մշակութաբանական-արվեստագիտական մոնիթորինգ է անցկացնում ... ու այսպես շարունակ: Մի խոսքով երթական էջը հայաստանյան մշակութային մառազմատիկ կյանքից:



