Դատարնը մերժել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը, նա ազատ է արձակվել: Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ  նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգն ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար։

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված տեսանյութը բուռն քննարկումների առիթ էր դարձել: ԱԱԾ-ն պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված էր.«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել