Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստը:

Սիրիայից ժամանած ապաստան հայցողների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա ներկայացրեց թվային տվյալներ իրենց ծառայությանը դիմած սիրիահայերի վերաբերյալ և նշեց, որ ի տարբերություն այլ երկրների, սիրիահայերի հետ տարվող աշխատանքն իրականացվել է բավական արագ, փորձել են սրտացավ և ուշադիր լինել:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց Նոր Հալեպ թաղամասի կառուցման նպատակով ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 6-ի 656-ն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Նշվեց, որ լուծվել է հողահատկացման հարցը, այժմ ընթանում են տարածքի երկրաբանական հետազոտությունները: Ավարտին են մոտենում նախագծային աշխատանքները: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կատարած աշխատանքների վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ Հայ ավետարանչական ընկերակցության նախագահ Հարություն Ներսիսյանը: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել թաղամասի կառուցման գործին:

Ամփոփելով նիստը ՀՀ սփյուռքի նախարարը նշեց որ սիրիահայերի համար առաջնահերթ խնդիր է մնում կացարանով ապահովելու հարցը;

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև սիրիահայ ուսանողների կրթաթոշակների փոխհատուցման, մայրենի լեզվի ուսուցման լրացուցիչ ծրագրեր կազմելու հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել