
Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի գործընկերներին տեղեկացրել եմ, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելությունը լիարժեք հարգելու շրջանակներում»,ճ ասաց Փաշինյանը։
Նա Կոբախիձեին հիշեցրել է ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորության մասին, որը շոշափելի հեռանկարներ է խոստանում տարածաշրջանի բոլոր երկների համար։
«Կարևորել եմ, որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն։ Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ այսօրվա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատվել է, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին` ձգտելով ոչ միայն չվնասել, այլ նաև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել