1in.am-ը գրում է.

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց՝ օրերս Եվրախորհրդարանում քննարկվեց հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման հարցը: Քննարկման ժամանակ թուրքական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցով: 

«Ինչո՞ւ հակարծ հայ-թուրքական հարաբերությունների և սահմանի բացման թեման հայտնվեց ԵԽ օրակարգում» հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբան, հայտնի լրագրող Ամանդա Փոլի հետ: 

Նա նշեց, որ փաստացիորեն այս հարցն օրակարգում հենց այնպես չի հայտնվել, քննարկումը կազմակերպված էր մի որոշ ժամանակ առաջ, և ըստ երևույթին դա պահանջել էին երկու պատվիրակությունները` Թուրքիայից և Հարավային Կովկասից: 

Նրա գնահատմամբ` սա լիովին բնական է ԵԽ-ում, քանի որ պատգամավորները ցանկանում են անընդհատ իրազեկ լինել` ինչ է կատարվում այս պահին, ինչ տարբերակներ ու հնարավորություններ կան, ուստի և Հայաստանից, և Թուրքիայից հրավիրված փորձագետները հնարավորություն ունեցան հակիրճ ներկայացնելու ներկայիս իրավիճակը և տեղեկացնելու ապագա հեռանկարների, մարտահրավերների և հնարավորությունների մասին: 

Եվրոպական քաղաքականության կենտրոնի վերլուծաբանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և Թուրքիայի խորհրդարանի օրակարգից դրանց դուրսբերմանը, ասաց, թե անակնկալ չէ, որ Թուրքիայի խորհրդարանն իր օրակարգից հանել է արձանագրությունները, քանի որ թվում էր՝ Անկարայի համար այդ արձանագրությունները մահացած են: 

Նրա խոսքով՝ 2009 թվականից դիվանագիտության հիմնական շեշտը քաղաքացիական հասարակության վրա էր, որը բավականին կարևոր էր հայաստանյան և թուրքական հասարակություններին միմյանց համար ավելի բաց դարձնելու համար: 

«Իսկ հայ-թուրքական արձանագրությունների մահացած լինելը դեռևս չի նշանակում, թե դրանց իսկությունն ու էությունը ևս մահացած է: Արձանագրությունների բովանդակությունը մնում է կարևոր և չպետք է կորսվի որևէ պարագայում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գտնել այդ արձանագրությունների էությունը քիչ-քիչ կյանքի կոչելու ինչ-որ ուղի»,- նման տեսակետ հայտնեց Ամանդա Փոլը: 

Վերջինս ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում է և չնայած դժվար անցյալին՝ ապագային ընդառաջ գնալը՝ ևս: Այնուամենայնիվ, նրա համոզմամբ՝ պարզ է, որ դա վաղը չէ, որ լինելու է: 

«Հայ-թուրքական արձանագրությունները մնում են վավեր և կարևոր, թեև դրանց ներդրման գործընթացը պետք է փոփոխվի: Ես չեմ հավատում, որ Թուրքիան երբևէ կհրաժարվի ԼՂ հակամարտության հարցում առաջընթացի նախապայմանից, ուստի անհրաժեշտ է ճանապարհ գտնել, որ Ադրբեջանը ևս անուղղակիորեն ընդգրկվի այս գործընթացում: Այնուամենայնիվ, ներկայումս Թուրքիան զբաղված չէ ներքին հարցերով, ինչպես Սիրիայի հարցով, ուստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար ներկայումս առաջնահերթություն չէ»,- մեկնաբանեց հայտնի լրագրող, քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել