Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը տևական ժամանակ է հետաքրքրությամբ հետևում էր Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանը, միայն վերջին շրջանում կոնկրետ քայլեր է ձեռնարկվում այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Նախ, Չինաստան կատարած այցի շրջանակներում այդ մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ վարչապետը, ապա ավելի ուշ, ՀԱՊԿ խորհրդի նիստում ունեցած իր ելույթում մեր երկրի ցանկության մասին հայտարարեց ՀՀ Նախագահը` միաժամանակ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում խնդրելով ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը (այն երկրների, որոնք կազմակերպության անդամ են):
Այս հայտարարություններից հետո առավելապես բացասական, լավագույն դեպքում՝ լոյալ մեկնաբանություններ հնչեցին:
Միաժամանակ կարծիքներ հնչեցին այն մասին, թե Հայաստանը նպատակ ունի վերջնականապես փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը և Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրությամբ վերջակետ է դրվում այս գործընթացին:
Մի փոքր անհասկանալի է, թե կոնկրետ որ վեկտորի փոփոխության մասին է խոսքը, սակայն մի բան ակնհայտ է` ՇՀԿ մասին ոչ միայն պաշտոնական, այլև առհասարակ տեղեկատվությունը բավականին աղքատիկ է, ինչը ինտեգրացիոն գործընթացների չափազանց ակտիվ սեպտեմբերյան փուլում ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը հանրությանն է ներկայացվում լրիվ այլ փաթեթավորմամբ:
Ի դեպ, Ադրբեջանը այս կազմակերպությունը դիտում է իր գաղափարա-քարոզչական պրոյեկտները իրացնելու հարմար հարթակ, և պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն ևս ակտիվություն է դրսևորում այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար:
Հենց միայն այս հանգամանքը, Հայաստանին ստիպում է ոչ միայն աշխատանքներ տանել այդ կազմակերպության անդամ երկրների հետ` Ադրբեջանի մուտքը այդ կազմակերպությունում արգելափակելու (լավագույն դեպքում) կամ հավասարակշռություն պահպանելու հարցում (նվազագույնը), այլև իր անմիջական ներկայությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, կազմակերպությունում ապահովելու հարցում:

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ այդ տարածաշրջանը զարգացման բավականին մեծ ներուժ ունի, մանավանդ, որ կազմակերպության հիմնական լոկոմոտիվը` օրեցօր մեծ թափ հավաքող Չինաստանն է:
Այս և մի շարք գործոնները հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ը Հայաստանի համար բավականին ցանկալի է, ինչն անշուշտ բխում է Հայաստանի ռազմավարական շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել