Pastinfo.am-ը գրում է.

Այսօր իրենց խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար նախագահի նստավայրի մետ հավաքված «Արմավիայի» 20 աշխատակիցները պատմեցին, որ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը որոշել է պատժել իրենց և չվճարել նախորդ ավելի քան 1 տարվա չվճարված աշխատավարձերը: Իսկ զայրույթի պատճառն այն է, որ «Արմավիայի» այդ աշխատակիցները դեռ մայիս ամսին չվճարված աշխատավարձը նախկին գործատուից բռնագանձելու հայցով դիմել էին դատարան:

«Զուտ նրա համար, որ մենք դիմել ենք դատարան, Բաղդասարովը մեզ պատժի է ենթարկում, և այն 20 հոգուն, ովքեր դիմել են դատարան, հրաժարվում է փող տալ»,- ասաց «Արմավիայի» բորտուղեկցորդուհի Քրիստինե Մկրտչյանը:

Նշենք, որ ընկերությունում սկսել են մաս-մաս վճարել նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից ի վեր պարտք մնացած  աշխատավարձերը:  Բայց ինչպես, վստահեցնում են այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված աշխատակիցները, ոչ բոլորին:  Նախկին գործատուի զայրույթին արժանացած աշխատակիցները պատմում են նաև, որ փորձել են հանդիպել ընկերության ղեկավարությանը, սակայն, ո’չ տնօրենը, ո’չ էլ փոխտնօրենը, չեն ընդունել իրենց: 

«Մեզ ընդունեց ֆինանսական տնօրենը, ով բացահայտ ասաց, որ Բաղդասարովը կոնկրետ ձեր 20-ի վերաբերյալ հրահանգ է տվել, որ աշխատավարձ չբաժանեն»,- պատմեց մեր զրուցակիցը: 

Պետական բոլոր մարմիններում իրենց բողոքին ի պատասխան դարձյալ խորհուրդ են տվել դիմել դատարան, մինչդեռ իրենք պնդում են, որ դատարաններում էլ Բաղդասարովի միջմտությամբ հայցի քննությունն անվերջ հետաձգվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել