Մարշալ Բաբաջանյանի անվան տանկային բրիգադը, որն առավել հայտնի է պարզապես Իվանյանի զորամաս 1994 թվականին է հիմնադրվել։ 1994 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Արցախյան ազատամարտում փայլուն մարտական կենսագրություն կերտած տանկիստների և զրահահատանկային ստորաբաժանումների հիմքի վրա ստեղծվել է տանկային զորամաս, որը կարողացել է կերտել իրոք փառավոր մարտական կենսագրություն։ Դավիթս այդ զորամասի մասնիկն էր 2010 թվականից։ Ոչ մի օր չտրտնջաց ոչ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու, ոչ էլ զորամասում անցկացրած ծառայության տարիներից։
1992-ին ստեղծված կանոնավոր բանակը հրաշք էր մեզ համար։ Ստեղծել էինք մի բան, որը դարերով չէինք ունեցել։ Ինչ իմանայի այդ օրերին, որ տասնամյակներ անց գրկիս 3 տարեկան փոքրիկն անբաժան մասն է դառնալու այդ բանակի։ Նա բանակը մի ուրիշ կերպ էր սիրում։ Երբեմն՝ չափից շատ։ Ու գնաց, ձուլվեց բանակի պատմությանը, իր հետքը թողեց նրա էջերում ու մեզ հավերժ կարոտով թողեց...
Բանակիդ տոնը շնորհավոր, Դավ ջան։ Դու քեզնից հասանելիքն արեցիր մեր երկրի ու մեր բանակի համար, բալես։ Մինչև հիմա հիշում եմ զորամասիդ համարը. «Արցախի հանրապետության ՊԲ 46677 զորամաս»...
Երանի տեսնեմ այն օրը, երբ նորից ոտք կդնեմ Արցախի հողին ու կրկին մեր հաղթանակած զորքի հետ կնշենք Հայոց բանակի կազմավորման օրը։
Առողջություն ու երկար տարիների կյանք Դավիթիս զորամասի ու ընդհանրապես Հայոց բանակի ողջ սպայական ու զինվորական անձնակազմին և հավերժ խոնարհում թշնամու դեմ մարտում նահատակված մեր հերոսներին։ Նրանք կան, ապրում են, քանի իրենց հիշում ենք...
Լուսանկարում Դավիթս աջից է, 2019-ին իրենց տանկային բրիգադը հերթական անգամ ճանաչվել էր ԶՈւ լավագույն պահեստային զորամաս և այդ մասին ռեպորտաժ էին պատրաստել: Երանի այդ օրերը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/LidaArushanyan/posts/pfbid06mFP6QATF7nJvPhsVuquNYPp9XwSWbGeWx64qCQYsQikhhhKt7YT2x4B2GzBYAXEl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել