Առաջնորդում, որևէ մի խմբում առաջնորդելու մղումը։ Կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը հանգում է փոքր խմբերում առաջնորդի հանդես գալուն։ Առաջնորդումը բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է` անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու` հանուն կազմակերպության նպատակների իրականացման։ Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է։ Զիգմունդ Ֆրեյդը առաջնորդումը հասկանում էր երկակիորեն. մի կողմից` խմբային, մյուս կողմից` անհատական գործընթաց։ Այդ գործընթացների հիմքում ընկած է այլ մարդկանց իրենց կողմը քաշելու, նրանց մեջ հիացմունք ու սեր առաջացնելու առաջնորդների կարողությունը։
Առաջնորդումը խմբում ձևավորվում է հուզական, գործնական և տեղեկատվական բաղադրիչների հիման վրա։
«Հուզական» առաջնորդը «խմբի սիրտն» է, մի մարդ, որին խմբի յուրաքանչյուր անդամ կարող է դիմել կարեկցանքի համար։
«Գործնական» առաջնորդի հետ, որին ավելի պատկերավոր «խմբի ձեռքեր» են անվանում, հեշտ է աշխատել. նա կարող է կազմակերպել գործը, ձևավորել անհրաժեշտ փոխադարձ կապեր, ապահովել գործի հաջողությունը։
«Տեղեկատվական» առաջնորդին` «խմբի ուղեղին», բոլորը դիմում են տարբեր հարցերով, քանի որ նա ամեն ինչ գիտի, կարող է բացատրել և օգնել գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
Լավագույնը կլինի այն առաջնորդը, որը համադրում է բոլոր երեք բաղադրիչները, թեև առավել հաճախ հանիպում են երկու բաղադրիչների համադրում



